Մի խումբ երիտասարդներ փակել են ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի մուտքերը
https://parstoday.ir/hy/news/armenia-i203866-Մի_խումբ_երիտասարդներ_փակել_են_ԿԽՄԿ_ի_հայաստանյան_գրասենյակի_մուտքերը
Մի խումբ երիտասարդներ հուլիսի 31-ի վաղ առավոտից փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքերը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 31, 2023 08:08 Asia/Tehran
  • Մի խումբ երիտասարդներ փակել են ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի մուտքերը

Մի խումբ երիտասարդներ հուլիսի 31-ի վաղ առավոտից փակել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մուտքերը՝ իրենց բողոքն արտահայտելով Ադրբեջանի կողմից ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի կողմից առևանգելու դեպքի առնչությամբ։

Երիտասարդներ պահանջում են հանդիպում ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի ղեկավարի հետ։

Անդրադառնալով ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվելու ճանապարհին Ադրբեջանի կողմից Արցախի 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգման դեպքին՝ ակցիայի մասնակիցները լրագրողների հետ զրույցում նշել են, որ ԿԽՄԿ-ն պետք է կարգավորի իր գործունեությունը, քանի որ այս պահին չի կարողանում ապահովել արցախցիների անվտանգությունը։  

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կարող է դիմել ցանկացած կառույցի, որ իր ազատ տեղաշարժն ապահովեն՝ թեկուզ ուժային միջոցներ կիրառելով, սակայն թույլ է տալիս, որ մարդ առևանգեն։ Եթե Կարմիր խաչը գիտեր, որ իրեն կարող են խոչընդոտել, նա կարող էր դիմել որևէ ուժային կառույցների, որպեսզի վերջիններս ապահովեն իր ազատ տեղաշարժը»,-  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում նշեց ակցիայի մասնակիցների մեկը, ով նաև մի քանի տարի շարունակ ԿԽՄԿ-ի կամավոր է։

Ադրբեջանը հուլիսի 29-ին առևանգել է ԿԽՄԿ-ի ուղեկցությամբ բուժման նպատակով Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիներից մեկին՝ 68-ամյա Վագիֆ Խաչատրյանին։ Լաչինի միջանցքում տեղակայված ապօրինի անցակետում ադրբեջանցի սահմանապահները ստուգել են Արցախից Հայաստան տեղափոխվող քաղաքացիների անձնագրերը, հետո վերադարձրել են անձնագրերը, սակայն Վագիֆ Խաչատրյանի անձնագիրը չեն վերադարձրել։ Նրան ԿԽՄԿ-ի ներկայացուցչի ուղեկցությամբ տարել են հարցաքննելու, իսկ որոշ ժամանակ անց ԿԽՄԿ-ի ներկայացուցչին վերադարձրել են, իսկ Վագիֆ Խաչատրյանին տեղափոխել էին Բաքու։ Բաքվում նրան շինծու մեղադրանքներ են առաջադրել՝ իբր Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։