Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտել է Սուրբ Ղուրանի սրբապղծումը
https://parstoday.ir/hy/news/armenia-i204234-Ամենայն_Հայոց_Կաթողիկոսը_դատապարտել_է_Սուրբ_Ղուրանի_սրբապղծումը
Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը խիստ դատապարտել է Շվեդիայում և Դանիայում Ս. Ղուրանի սրբապղծման դեպքերը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 08, 2023 08:11 Asia/Tehran
  • Ամենայն Հայոց Կաթողիկոսը դատապարտել է Սուրբ Ղուրանի սրբապղծումը

Օգոստոսի 7-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Այդ հանդիպմանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը խիստ դատապարտել է Շվեդիայում և Դանիայում Ս. Ղուրանի սրբապղծման դեպքերը:

Հանդիպմանը Նորին Սրբությունն անդրադարձ կատարեց Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական հոգևոր ու մշակութային ժառանգության յուրացման փորձերին և ոչնչացման փաստերին, ինչպես նաև, իշխանությունների ուղղորդմամբ, կրոնական ու մշակութային արժեքների նկատմամբ դրսևորվող հանցագործ գործողություններին։ Այս առնչությամբ Հայոց Հայրապետը դատապարտեց օրերս Ղուրանի այրման միջադեպը։

Նորին Սրբությունը ողջունեց դեսպանին՝ շնորհավորելով նշանակման կապակցությամբ, դեսպանին մաղթեց արդյունաշատ ծառայություն:

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդգծելով, որ նորանշանակ դեսպանի առաքելությունը համընկել է հայ ժողովրդի համար դժվարին ժամանակաշրջանին, իր գնահատանքը հայտնեց Իրանի Իսլամական Հանրապետությանը պատերազմի և հետպատերազմյա այս ծանր շրջանում Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար:

Հանդիպմանը Վեհափառ Հայրապետը անդրադարձավ նաև հայ-իրանական դարավոր փոխհարաբերություններին և երկու երկրների ներկայիս համագործակցությանը:

Գոհունակություն հայտնելով իրանահայ համայնքի հանդեպ Իրանի իշխանությունների կողմից ցուցաբերվող ուշադրության համար` Ամենայն Հայոց Կաթողիկոսը միաժամանակ բարձր գնահատեց հայկական մշակութային արժեքների ու սրբությունների նկատմամբ դրսևորվող հոգածու վերաբերմունքը:

Իր հերթին դեսպան Մեհդի Սոբհանին, խոսելով իր առաջիկա անելիքների մասին, կարևորեց երկու ժողովուրդների բարեկամական կապերի զարգացման գործում նաև միջկրոնական երկխոսությունը: Պրն. Սոբհանին, անդրառնալով տարածաշրջանային իրավիճակին, ընդգծեց հակամարտությունների խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը:

Զրուցակիցներն անդրադարձան նաև Մայր Աթոռի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև առկա փոխգործակցային հարաբերություններին՝ կարևորելով մշակույթի ոլորտում համագործակցությունը, կրոնական երկխոսությունը, միջկրոնական համաժողովների կազմակերպումը:

Հանդիպմանը ներկա էին Թեհրանի Հայոց Թեմի առաջնորդ՝ Տեր Սեպուհ արք. Սարգսյանը և Մայր Աթոռի Եկեղեցական Հայեցակարգային Հարցերի գրասենյակի տնօրեն՝ Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:  Հայ հոգեւոր առաջնորդները բարձր են գնահատել Իրանի Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հոգատարությունն ու ուշադրությունը իրանահայ համայնքի նկատմամբ։