Հայաստանն ու Իրանը երկարաձգել են «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ժամկետը
https://parstoday.ir/hy/news/armenia-i204358-Հայաստանն_ու_Իրանը_երկարաձգել_են_Գազ_էլեկտրաէներգիայի_դիմաց_պայմանագրի_ժամկետը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում օգոստոսի 10-ին ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Օգոստոս 10, 2023 14:21 Asia/Tehran
  • Հայաստանն ու Իրանը երկարաձգել են «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի ժամկետը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում օգոստոսի 10-ին ստորագրվել է «Գազ` էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագրի երկարաձգման և ծավալների ավելացման փաստաթուղթը։

Ինչպես տեղեկացնում է  ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածած հաղորդագրությունից, պայմանագիրը ստորագրել են Երևան ՋԷԿ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արամ Ղազարյանը և ԻԻՀ  նավթի փոխնախարար, գազի ազգային ընկերության տնօրեն Մաջիդ Չեգենին։

Պայմանագիրը երկարաձգվել է մինչև 2030 թվականը։

ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհավորել է կողմերին պայմանագրի երկարաձգման կապակցությամբ՝ ընդգծելով, որ այն հայ-իրանական բարեկամական հարաբերությունների լավագույն դրսևորումներից մեկն է։

«Պայմանագրի երկարաձգումը շահավետ գործարք է երկու երկրների համար։ Պայմանագրի երկարաձգմամբ հնարավորություն է ստեղծվում ավելացնել նաև գազի ներմուծման և էլեկտրաէներգիայի արտահանման ծավալները, որը միանշանակ դրական ազդեցություն կունենա երկու երկրների տնտեսության զարգացման վրա»,-ասել է նախարարը:

Մաջիդ Չեգենին իր հերթին կարևորել է պայմանագրի երկարաձգման փաստը՝ ընդգծելով, որ այն նոր զարկ կհաղորդի հայ-իրանական հարաբերությունների զարգացմանը։