Բաքուն պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը․ միջազգային իրավապաշտպան
https://parstoday.ir/hy/news/armenia-i204482-Բաքուն_պետք_է_կատարի_Արդարադատության_միջազգային_դատարանի_որոշումը_միջազգային_իրավապաշտպան
Ադրբեջանի կողմից արդեն 8 ամիս շարունակվող Լաչինի ճանապարհի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի, տառապանքի ու զրկանքների։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 13, 2023 14:35 Asia/Tehran
  • Բաքուն պետք է կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը․ միջազգային իրավապաշտպան

Ադրբեջանի կողմից արդեն 8 ամիս շարունակվող Լաչինի ճանապարհի շրջափակումը Լեռնային Ղարաբաղում հանգեցնում է մարդասիրական արտակարգ իրավիճակի, տառապանքի ու զրկանքների։

Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախկին գործադիր տնօրեն Քենեթ Ռոթը։

Նա գրառմանը կից Լաչինի միջանցքն ապաշրջափակելու վերաբերյալ նաև Ադրբեջանին ուղղված ՄԱԿ-ի փորձագետների կոչն է կցել։

«Ադրբեջանը պետք է անհապաղ կատարի Արդարադատության միջազգային դատարանի որոշումները և դադարեցնի առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման և ազատ տեղաշարժի ճանապարհի արգելափակումը»,- գրել է Ռոթը։

Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։

Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 բեռնատար Երևանից ուղևորվեցին շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Սյունիքի Կոռնիձոր համայնք և մինչ օրս կանգնած են Լաչինի միջանցքի սահմանին։