Հաջորդ շաբաթվանից Երևանից Կապան կանոնավոր չվերթեր կլինեն
https://parstoday.ir/hy/news/armenia-i204674-Հաջորդ_շաբաթվանից_Երևանից_Կապան_կանոնավոր_չվերթեր_կլինեն
Հաջորդ շաբաթ կտրվի Երևան-Կապան ուղղությամբ կանոնավոր ավիաչվերթերի մեկնարկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2023 14:24 Asia/Tehran
  • Հաջորդ շաբաթվանից Երևանից Կապան կանոնավոր չվերթեր կլինեն

Հաջորդ շաբաթ կտրվի Երևան-Կապան ուղղությամբ կանոնավոր ավիաչվերթերի մեկնարկը։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Այսօր արձանագրեցինք, որ արդեն պատրաստ ենք իրականացնել Երևան-Կապան կանոնավոր չվերթներ: Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից կլինեն կանոնավոր չվերթներ»,- գրել է վարչապետը։

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 17-ին այցելել է Սյունիքի մարզ՝ Երևան-Կապան ավիաչվերթով։ Փաշինյանի այցն աշխատանքային է։ Սյունիքի մարզում վարչապետին է ներկայացվում մարզպետի աշխատակազմի 2022 թվականի գործունեության հաշվետվությունը։

Ապրիլի 26-ին Երևանից դեպի Կապանի օդանավակայան փորձնական թռիչք էր իրականացրել 19 ուղևորի համար նախատեսված չեխական արտադրության մարդատար օդանավը։ Այնուհետև Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը հայտնել էր, որ փորձնական թռիչքի ընթացքում որոշակի խնդիրներ էին նախանշվել, որոնք լուծելու ուղղությամբ աշխատանքներ են իրականացնելու։ Սանոսյանն ընդգծել էր, որ Հայաստանի կառավարության նպատակն է Երևանից Կապան կանոնավոր չվերթերի գործարկումը։

armenpress.am