Հայ-ադրբեջանական հակամարտության գոտի ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է
https://parstoday.ir/hy/news/armenia-i205200-Հայ_ադրբեջանական_հակամարտության_գոտի_ՀԱՊԿ_առաքելություն_ուղարկելու_ՌԴ_առաջարկն_ուժի_մեջ_է
Հայ–ադրբեջանական հակամարտության գոտի ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու ռուսական կողմի առաջարկը չի իրագործվել, բայց մնում է ուժի մեջ։ «Ռոսիյսկայա գազետա»–ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 28, 2023 18:44 Asia/Tehran
  • Հայ-ադրբեջանական հակամարտության գոտի ՀԱՊԿ առաքելություն ուղարկելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է

Հայ–ադրբեջանական հակամարտության գոտի ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն ուղարկելու ռուսական կողմի առաջարկը չի իրագործվել, բայց մնում է ուժի մեջ։ «Ռոսիյսկայա գազետա»–ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ Ալեքսեյ Շևցովը:

«Ցավոք, հայ-ադրբեջանական սահմանին դրա տեղակայման մասին որոշումը չի իրականացվել, սակայն առաջարկը մնում է ուժի մեջ»,– նշել է նա։

Շևցովի խոսքով՝ ներկայումս ՌԴ–ն բոլոր ջանքերը գործադրում է 2020 թ. ձեռք բերված բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար` շփման գոտում էսկալացիայի կանխման խնդիրները կատարում են ռուս խաղաղապահները, աշխատանքներ են տարվում խաղաղության պայմանագրի, տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման, տնտեսական կապերի վերականգնման, սահմանների դելիմիտացիայի, վստահության ամրապնդման ուղղությամբ:

ՌԴ ԱԽ քարտուղարի տեղակալը նշել է, որ ԱՄՆ–ի, ԵՄ–ի, արևմտյան առանձին երկրների և նրանց ազդեցության գործակալներ ամեն կերպ փորձում են միջամտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին, ռուսական ներկայությունը տարածաշրջանում վարկաբեկելու և իրենց դիրքերը տարածաշրջանում ուժեղացնելու նպատակով։

Հիշեցնենք, որ օգոստոսի 3–ին ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը վերահաստատել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջազգային սահմանին ՀԱՊԿ մշտադիտարկման առաքելության տեղակայման հարցի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը ներկայացվել է և այս պահին այդ հարցում փոփոխություն չկա։

Ապրիլին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը պատրաստ է Ադրբեջանի հետ սահմանին ՀԱՊԿ առաքելություն տեղակայել: Մինչ այդ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ նշել էր, որ Երևանը չի հրաժարվել հանրապետության սահմաններին ՀԱՊԿ առաքելությունից:

armeniasputnik.am