Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները չենք ուզում կապել իրար. Փաշինյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i205466-Հայաստան_Թուրքիա_և_Հայաստան_Ադրբեջան_հարաբերությունները_չենք_ուզում_կապել_իրար._Փաշինյան
Պաշտոնական Երևանը չի ցանկանում Հայաստան–Թուրքիա հարաբերությունները կապել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հետ։ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարելի՞ է դիտարկել որպես միջոց կառավարելու, սահմանափակելու Բաքվի գործողություններն Անկարայի միջոցով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 03, 2023 12:35 Asia/Tehran
  • Հայաստան–Թուրքիա և Հայաստան–Ադրբեջան հարաբերությունները չենք ուզում կապել իրար. Փաշինյան

Պաշտոնական Երևանը չի ցանկանում Հայաստան–Թուրքիա հարաբերությունները կապել Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների հետ։ Իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` պատասխանելով լրագրողի այն հարցին, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը կարելի՞ է դիտարկել որպես միջոց կառավարելու, սահմանափակելու Բաքվի գործողություններն Անկարայի միջոցով։

«Չնայած պետք է ասել, որ Ադրբեջանն ու Թուրքիան ուզում են կապել և անընդհատ այդ հարցն առաջ են բերում»,– ասաց Փաշինյանը։

Նա հավելեց` որևէ պետություն անվտանգության մասին կարող է խոսել, երբ որ հարևանների հետ ունի կարգավորված հարաբերություններ։

Նա շեշտեց` Հայաստանի համար շատ կարևոր հարց է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։

«Ե՛վ Անկարա կատարած իմ վերջին այցելության արդյունքում, և՛ Թուրքիայի նախագահի հետ իմ ունեցած շփումների արդյունքում ես տպավորություն ունեմ, որ Թուրքիայի համար էլ շատ կարևոր է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը։ Կարծում եմ, որ այստեղ էլ կան հնարավորություններ, իհարկե, կան նաև բարդություններ, այստեղ է նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների ահա այսպիսի որակը»,– ասաց վարչապետը։

Հիշեցնենք` Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, իսկ սահմանը 1993 թվականից փակ է Անկարայի նախաձեռնությամբ։ Բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով` Թուրքիան ղարաբաղյան հարցում աջակցում է Ադրբեջանին և սուր է արձագանքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին։

Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին, Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։

Ավելի ուշ ԱԳՆ-ն հայտարարեց, որ կողմերը համաձայնել են շարունակել լիարժեք կարգավորման բանակցությունները՝ առանց նախապայմանների։

Թուրքիայի փետրվարյան ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանի ԱԳՆ ղեկավար Արարատ Միրզոյանը այցելեց Թուրքիա։ Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կողմերը հայտարարեցին երկխոսության և սահմանների բացման գործընթացն արագացնելու մասին։ Համատեղ ճեպազրույցում խոսվեց նաև Անիի կամրջի վերականգնման և սահմանային ենթակառուցվածքների մասին։

armeniasputnik.am