«Զանգեզուրի միջնացքում» հռետորաբանություն է փոխվում
(last modified Fri, 29 Sep 2023 07:43:21 GMT )
Սեպտեմբեր 29, 2023 11:13 Asia/Tehran
  • «Զանգեզուրի միջնացքում» հռետորաբանություն է փոխվում

Սեպտեմբերի 19-ի ագրեսիայից հետո վերլուծաբանները կանխատեսում էին, որ հաջորդ բախումը ենթադրաբար, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ է լինելու։

Բաքուն ու Անկարան շարունակում էին հղում անել նոյեմբերի 9-ի փաստաթղթին, Երևանը կրկնում է՝ միջանցքի հարցը կարմիր գիծ է Հայաստանի համար։

Վերլուծաբանները և քաղաքական գործիչները մի քանի վարկած են առաջ քաշում, թե ինչով է պայմանավորված հռետորաբանության փոփոխությունը, բայց նաև կասկածում են, որ այն կարող է ազդել մոտեցումների  և նպատակների վրա։ 

«Բառախաղ», «մանիպուլյացիա», «ժամանակավոր նահանջ»․ այսպես են Հայաստանում գնահատում Անկարայի և Բաքվի պաշտոնական հռետորաբանության փոփոխությունը «Զանգեզուրի միջնացք» կոչվածի մասին։

Թուրքիայի նախագահը նախ ասել էր՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» ռազմավարական նշանակություն ունի Անկարայի ու Բաքվի համար, միաժամանակ հայտարարել էր՝ եթե Հայաստանը չհամաձայնի, այդ ճանապարհը կարող է նաև Իրանով անցնել։ Reuters լրատվականին տված հարցազրույցի ընթացքում Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն իր հերթին պնդել է, թե Ադրբեջանը նպատակ չունի մարտական գործողություններ սկսել Հայաստանի հարավային հատվածում միջանցք բացելու համար։ Ըստ Հաջիևի՝ Հայաստանի հետ ցանկանում են խաղաղ եղանակով տրանսպորտայի հաղորդակություն ունենալ։

Հռետորաբանության այս փոփոխությանը Հայաստանում չեն վստահում՝ հաշվի առնելով Թուրքիայի և Ադրբեջանի պաշտոնյաների նախկին հայտարությունները, որոնք արվել են նաև վերջին օրերին։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը հռետորաբանության փոփոխության հիմքում Գրանադայում սպասվող հանդիպման նախապատրաստում է տեսնում՝ խաղաղասիրական ուղերձներով զգոնությունը թուլացնելու համար։ Սոցցանցում գրառումով հիշեցրել է․

«Թուրքիան արդեն ավելի քան 8 տարի է՝ գրավել է Սիրիայի միջազգայնորեն ճանաչված տարածքը։ Երեք հատ Սյունիքի մարզի տարածքի չափ հող։ Բայց շարունակում է պնդել, որ ճանաչում է Սիրիայի տարածքային ամբողջականությունը։ Նման հայտարարությունները չեն խանգարում կատարել ռազմական նվաճումներ։ Նույնն էլ անում է հիմա Ադրբեջանը։ Ասում է, որ իրենք չունեն «աչք» մեր տարածքի վրա, բայց 2020 նոյեմբերից Հայաստանի Հանրապետության միջազգայնորեն ճանաչված տարածքից արդեն 400 կմ քառակուսի գրավել են»։

Վերջին օրերի լրահոսից միայն պարզ էր՝ տարաբնույթ զանգերն ու այցերն Իրան, ընդ որում, տարբեր ուղղություններից, այդ պետությանը համոզելու փորձեր էին։ Հենց Սյունիքի խնդիրը ենթատեքստում ունենալով՝ Իրանը բազմիցս հայտարարել է, որ չի հանդուրժի տարածաշրջանի սահմանների որևէ փոփոխություն։ Նախիջևանի և Ադրբեջանի միջև կապն ապահովելու համար մշտապես առաջարկել է իր տարածքով անցնող երկաթգիծ և ճանապարհ։ 

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ասոցացված անդամ, իրանագետ Էմմա Բեգիջանյանի վերլուծությամբ՝ «Զանգեզուրի միջանք» կոչվածը Իրանում ընկալում են նույնքան վտանգավոր, որքան Հայաստանում։ Ընդ որում՝ Բեգիջանյանը պնդում է, որ միջանցքի վտանգը կամ «ականը» դրվել էր դեռ 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության մեջ։

«Իրանի վերլուծական հասարակությունը բոլորը գրեթե միաձայն հայտարարում են, որ 2020 թվականի պատերազմին մեծ սխալ են գործել և այլևս այդ սխալը թույլ չեն տա։ Մոտավորապես 200 հազարանոց զորք են բերել իրենց սահմանամերձ շրջաններ։ Այլ կերպ ասած՝ իրենք ասել են, որ «զանգեզուրի պատերազմը» ավելի շատ ուղղված է Իրանի դեմ։ էրդողանը ՄԱԿ–ում հայտարարել էր, որ ղարաբաղյան գործողությունները «Զանգեզուրի միջանցք»–ի բացման սկիզբն է»։

Վտանգն իրական համարելով՝ միջազգային կառույցները վերջին օրերին նկատելիորեն հստակեցրել են իրենց ուղերձները։ Պաշտոնական հաղորդագրություններով կազմվող  պատկերը հետևյալն է․ ԵՄ վերջին հաղորդագրության մեջ ասված է․ «ԵՄ-ն համոզված է, որ հոկտեմբերի 5-ին Գրանադայում հնարավոր հանդիպումը պետք է օգտագործվի Երևանի և Բաքվի կողմից հրապարակայնորեն վերահաստատելու միմյանց տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը ճանաչելու հանձնառությունը` հիմնված Պրահայում և Բրյուսելում կայացած համաձայնությունների վրա»։

Պենտագոնից զանգ է ստացել Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը․ քննարկվել է իրավիճակը տարածաշրջանում։ Մինչ այդ ԱՄՆ–ի տարբեր պաշտոնյաներ հայտարարել են Հայաստանի տարածքային ամբողջականությանը սատարելու մասին։  

Ֆրանսիան գնացել է ավելի հեռու և հայտարարել հատկապես Սյունիքում նոր ներկայացուցչություն հիմնելու մասին։ Իրանագետ Էմմա Բեգիջանյանի տեղեկություններով, այս որոշումը ընդունելի է նաև Իրանի համար, քանի որ կանխարգելիչ քայլեր են Անկարայի և Բաքվի համար։

«Իրանի դեսպանը հանդիպեց Ֆրանսիայի դեսպանին, դրանից հետո հայտարարվեց որ և՛ ռազմական կցորդ է լինելու, և Սյունիքում հյուպատոսություն են բացելու։ Սրանք շատ բաներ են նշանակում։ Նույնպես ԱՄՆ–ի կողմից սկսել են հնչել որոշ բաներ։ Այս ամենը տեսնելով իրենք հասկանում են, որ չեն կարող ավելին պահանջել, դրա համար տակտիկական նահանջ են անում։ Միջազգային փոխհարաբերությունները շահերի համընկնում է։ Արևմտյան այն երկրները, որ դեմ են միջանցքին և կողմ են Հայաստանի տարածքային ամբողջականությանը, ես կասկած չունեմ, որ իրանցիները երկու ձեռքով կողմ են նրանց աշխատանքին տարածաշրջանում»։

Ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանն ուշադրություն է հրավիրում փաստին, որ էրդողանն իր խոսքում Իրանի դեպքում խոսում է եղած ճանապարհը լայնացնելու, թողունակությունը բարձրացնելու մասին, ի հաշիվ հնարավոր կառուցվող երկաթգծի, իսկ Հայաստանի մասին հստակ խոսում էր, այսպես ասած, զանգեզուրյան միջանցքի մասին։ Փորձագետը համոզված է՝ ենթատեքստով Թուրքիայի նախագահը Հայաստանին զգուշացրել է և սահմանների չբացումով շանտաժ է անում։ Հովհաննիսյանի համոզմամբ՝ Անկարան և Բաքուն չեն հրաժարվում իրենց մտքից, պարզապես այս պահին Իրանը և առանցքային դերակատարություն ունեցող երկրները ՀՀ սուվերեն տարածքը կարմիր գիծ են համարում։ Բայց «ժամանակը գնում է, այս երկու հանցագործները լծվելու են աշխարհին համոզելու գործին»,– սոցցանցում գրել է փորձագետը։

ԱԺ պաշտպանության և անվտանգային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ միջազգային հանրության վերջին ազդակները ավելի քան հստակ են և կոշտ․

«Կոնկրետ ազդակներ են և ասեմ՝ դեռևս այսպիսի ազդակներ չեն եղել։ Իհարկե, ամեն ինչում չպետք է հույսը դնենք ԱՄՆ կամ Արևմուտքի վրա։ Մենք մեր պաշտպանական հնարավորություններն ու ռեսուրսները ամեն օր մեծացնում ենք, ամեն օր մեծ աշխատանք է տարվում այս ուղղությամբ։ Իհարկե, այդ մասին չենք խոսում և չենք խոսելու դեռևս, բայց որոշակի աշխարհաքաղաքական ցնցումներից պաշտպանվելու համար մեզ պետք է այդպիսի գերհզոր տերությունների պաշտպանությունը, ինչպիսին ԱՄՆ–ն է և ԵՄ երկրները»։

Իրանագետ Էմմա Բեգիջանյանը կարևորում է հայկական կողմի զգոնությունը, որ Գրանադայում սպասվող բանակցություններում և նախապատրաստվող «Խաղաղության համաձայնագրի» կետերում փորձ չարվի «ականներ»դնել, որոնք նա առաջին օրվանից տեսել է Նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության 9–րդ կետում։ Պնդում է, որ այս սկզբունքով կառուցված փաստաթուղթը խաղաղություն չի բերի։