Նիկոլ Փաշինյանի արձագանքը Էրդողանին
Հայաստանը պատրաստ է բացել ճանապարհները Թոււրքիայի և Ադրբեջանի համար, բայց դա պետք է տեղի ունենա ինքնիշխանության սկզբունքի հիման վրա և Հայաստանի տարածքի նկատմամբ չի կարող լինել որևէ այլ վերահսկողություն, Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշել է, որ «Հայաստանը որևէ մեկին, որևէ խոստում չի տվել այն տերմինաբանության շրջանակներում, որը օգտագործում են Թուրքիան և Ադրբեջանը: Այստեղ մի նրբություն կա, շատ է կարևորվում, թե այդ տերմինաբանությունը ոնց ենք մենք ընկալում, որովհետև մենք՝ ՀՀ-ում, նաև հանրությունը լայնորեն, այդ տերմինաբանությունը ընկալում է որպես Հայաստանի նկատմամբ որոշակի տարածքային պահանջ և արտատարծքային միջանցքի պահանջ: Ուրեմն՝ մենք նման տերմինաբանությամբ և եզրաբանությամբ որևէ խոստում որևէ մեկին չենք տվել», հայտարարել է Փաշինյանը: Փաստորեն, այդ կերպ Հայաստանի վարչապետը արձագանքել է Թուրքիայի նախագահի՝ նախօրեին արած հայտարարությանը, որ պատրաստ են կարգավորել և զարգացնել հարաբերությունը Հայաստանի հետ, երբ Հայաստանը «կբացի Զանգեզուրի միջանցքը և կկատարի մնացյալ խոստումները»: «Ես գիտեմ, որ երբ խոսակցություններ են գնում Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև, ասվում է, որ այդ միջանցքային տերմինաբանությունը, որը դուք օգտագործում եք, մեզ համար ընդունելի չէ, նրանք ասում են՝ ոնց ընդունելի չէ, դուք եք ընդունել եռակողմ հայտարարությունը, մենք ասում ենք՝ եռակողմ հայտարարության մեջ նման բան գրված չէ, բացեք, նայեք, երբ որ գրված կլինի, մեզ ցույց կտաք: Միջանցք բառը ընդհանրապես գլոբալ աշխարհում ներկայացվում է որպես հաղորդակցության ուղիների սովորական տերմին:
Եռակողմ հայտարարության մեջ դա մի փոքր այլ տրամաբանություն ունի, որովհետև այնտեղ կա Լաչինի միջանցքը, որը հայտարարության տրամաբանությամբ արտատարածքայնության կամ երրորդ ուժի կողմից վերահսկողության որոշակի բովանդակություն է պարունակում: Բացի այդ լաչինի միջանցքը ճանապարհ չէ ուղղակի, այն 5 կմ-անոց տարածքի շերտ է, որ գտնվում է 3-րդ կողմի վերահսկողության ներքո», ասում է Նիկոլ Փաշինյանը: Այստեղ ուշագրավ է այն, որ Նիկոլ Փաշինյանը չի ասում, թե նոյեմբերի 9-ի հայտարարությունն այլևս չունի գոյություն, որովհետև խախտվել են այդ հայտարարության գրեթե բոլոր դրույթները, փաստացի այլևս չկա Լեռնային Ղարաբաղ, չկա շփման գիծ, Արցախում չկա հայություն, չկա Լաչինի միջանցք: Ուրեմն, առաջանում է հարց, թե Հայաստանն ինչու՞ չի հայտարարում, որ այլևս չկա նոյեմբերի 9-ի փաստաթուղթ և հետևաբար, չի կարող լիել նաև այդ փաստաթղթի 9-րդ կետ: Սակայն, այստեղ պատճառը թերևս այն է, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը քաղաքական կամ ռազմա-քաղաքական այսբերգի տեսանելի մասն է միայն:
1in.am