Ֆրանսիան ՄԱԿ-ում կպահանջի ընդունել ԼՂ հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև.Կոլոննա
https://parstoday.ir/hy/news/armenia-i207406-Ֆրանսիան_ՄԱԿ_ում_կպահանջի_ընդունել_ԼՂ_հայերի_վերադարձի_վերաբերյալ_բանաձև.Կոլոննա
Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձևի ընդունում, որը պայմաններ կստեղծի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2023 09:06 Asia/Tehran
  • Ֆրանսիան ՄԱԿ-ում կպահանջի ընդունել ԼՂ հայերի վերադարձի վերաբերյալ բանաձև.Կոլոննա

Ֆրանսիան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում կպահանջի բանաձևի ընդունում, որը պայմաններ կստեղծի հայերի Լեռնային Ղարաբաղ վերադարձի համար։

Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Կատրին Կոլոննան՝ ելույթ ունենալով հանրապետության Սենատում։

Ինչպես հավելել է Կոլոննան, այդ պայմանները պետք է ներառեն Ղարաբաղի հայերի, այդ թվում՝ պատմամշակութային իրավունքների պահպանման ամուր երաշխիքներ։ Դրա համար անհրաժեշտ է մշտական միջազգային ներկայություն տեղում, և Ֆրանսիայի բոլոր ջանքերի նպատակը դրան հասնելն է։

«Բոլորն էլ հասկանում են Մերձավոր Արևելքի ճգնաժամի լրջությունը, բայց պետք է նաև դիտարկել իրավիճակը Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Հայաստանում: Այո, Ադրբեջանը ծրագրել և կազմակերպել է ավելի քան 100 հազար հայերի տեղահանությունը Լեռնային Ղարաբաղից, սա չափազանց ծանր հանցագործություն է, որին չի կարող չհետևել հակազդեցությունը»,- ասաց նախարարը։

Նախարարի խոսքով՝  նրան մնում է միայն հետևելով  Ֆրանսիայի վարչապետ Էլիզաբեթ Բորնին կրկնել, որ «ոչ մի երկիր Հայաստանի համար այնքան չի անում, որքան Ֆրանսիան»։ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտության լուծումը հնարավոր է գտնել միայն բանակցությունների միջոցով, և խաղաղությունը պետք է լինի արդար և երկարաժամկետ»։

«Այդ իսկ պատճառով Ֆրանսիան աջակցում է Եվրամիության միջնորդական ջանքերին և պահանջում, որ զիջումներ չլինեն միջազգային իրավունքին, Հայաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականության հարցում»-հավելեց նա։

tert.am