Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն է մեկնարկել
https://parstoday.ir/hy/news/world-i243272-Մեծ_Բրիտանիայի_խորհրդարանում_Արցախի_վերաբերյալ_խորհրդարանական_հետաքննություն_է_մեկնարկել
Փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացը, հայտնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 24, 2026 15:43 Asia/Tehran
  • Մեծ Բրիտանիայի խորհրդարանում Արցախի վերաբերյալ խորհրդարանական հետաքննություն է մեկնարկել

Փետրվարի 23-ին Մեծ Բրիտանիայի խորհրդարանում մեկնարկել է «Ջնջելով անցյալը. մշակութային ժառանգության ոչնչացում» խորագրով խորհրդարանական հետաքննության գործընթացը, հայտնում է Հայ դատի Մեծ Բրիտանիայի հանձնախումբը:

Այն նպատակ ունի ուսումնասիրել 2023 թվականից ի վեր Արցախի (Լեռնային Ղարաբաղ) հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը, մինչ այժմ ձեռնարկված իրավական քայլերը, ինչպես նաև արդարության և հաշվետվողականության ապահովման հնարավոր մեխանիզմները։ Առաջին նիստի ընթացքում ելույթ է ունեցել «Արցախի միության» նախագահ, Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանը։

Հետաքննությունը իրականացվել է Միջազգային փաստաբանների ասոցիացիայի Մարդու իրավունքների ինստիտուտի (IBAHRI) կողմից՝ համագործակցությամբ Միջազգային իրավունքի, արդարադատության և հաշվետվողականության հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի և Հայաստանի հարցերով համակուսակցական խորհրդարանական խմբի հետ։

Բազմակուսակցական հանձնախմբը նախագահել է խորհրդարանական Բրենդան Օ’Հարան, իսկ կազմում ընդգրկվել են նաև բարոնուհի Հելենա Քենեդին, խորհրդարանականներ Ջոն Ուիթինգդեյլը, Ջեսիկա Մորդենը, Լորդ Մաք’Իննեսը, Լորդ Ալթոնը և բարոնուհի Հուպերը։ Աշխատանքներին աջակցել է IBAHRI ծրագրերի համակարգող Էյն Մակդոնալդը։

Քննության գործընթացը ընթանալու է 5 փուլով.

1.Մշակութային ոչնչացման վերաբերյալ փաստերի և գործող իրավական արձագանքների քարտեզագրում։

2.Դիմումների ընդունման փուլի մեկնարկ։

3.Հանրային լսումների անցկացում՝ փորձագետների և վկաների մասնակցությամբ։

4.Եզրափակիչ զեկույցի հրապարակում։

5.Հետագա քննարկումներ Մեծ Բրիտանիայի կառավարության և միջազգային կառույցների հետ։

Ավելի վաղ ԱՄՆ միջազգային կրոնական ազատության հանձնաժողովը՝ USCIRF-ի, զեկույցում ուշադրություն էր հրավիրել նաև Արցախի հայկական կրոնական և մշակութային ժառանգության համակարգված ոչնչացման փաստերին։   USCIRF-ն ԱՄՆ կառավարությանն ու Կոնգրեսին առաջարկել է մի շարք քայլեր ձեռնարկել, մասնավորապես թիրախային պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի նկատմամբ, թույլ տալ, որ անկախ միջազգային դիտորդները,   օրինակ` ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելեն Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ՝ մշակութային և կրոնական ժաանգության ցանկը ստուգելու և փաստաթղթավորելու համար:  Կառույցը նաև առաջարկել է լսումներ անցկացնել Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։