Տարածաշրջանում առանց ճանապարհների բացման դժվար կլինի կառուցել խաղաղություն․ Փաշինյան
(last modified Thu, 26 Oct 2023 09:07:22 GMT )
Հոկտեմբեր 26, 2023 12:37 Asia/Tehran
  • Տարածաշրջանում առանց ճանապարհների բացման դժվար կլինի կառուցել խաղաղություն․ Փաշինյան

Տարածաշրջանում առանց ճանապարհների բացման դժվար կլինի կառուցել խաղաղություն։ Այս մասին Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց, որ «Մետաքսի ճանապարհ» պատմական տերմինը բոլորի մոտ ասոցացվում է բարեկեցության, խաղաղության, զարգացման ու համագործակցության հետ։

«Հետևաբար, եթե բանուկ, ակտիվ ճանապարհը համագործակցության, խաղաղության, հաջողության նշան է, ապա փակ ճանապարհները վկայում են պրոբլեմների մասին։ Մենք սա գիտենք սեփական օրինակով։ Մեր 4 հարևաններից 2-ի հետ մեր ճանապարհները բաց են, ինչը վկայում է նրանց հետ մեր ունեցած հարաբերությունների բարեկամական լինելու մասին։Մեր հարևաններից 2-ի հետ մեր ճանապարհները փակ են, ինչը հարաբերություններում առկա բարդությունների շատ խոսուն վկայություն է »,-ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետը նշեց` ակնհայտ է, որ Հարավային Կովկասն ունի հաստատուն խաղաղության կարիք։ Իսկ խաղաղությունը մի վիճակ է, երբ երկրներն ապրում են բաց սահմաններով ՝ տնտեսական, քաղաքական, մարդկային կապերով կապված, և բոլոր հարցերը դիվանագիտական եղանակով, երկոսությամբ լուծելու փորձ և ավանդույթ կուտակած։

«Սա է իրական խաղաղությունը, և, ինչպես տեսնում եք, բաց սահմանները, տնտեսական, քաղաքական, մշակութային կապերը հնարավոր չեն առանց ճանապարհների։ Այս է պատճառը, որ մեր կառավարությունը մշակել ու ներկայացնում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ որպես խաղաղության օրակարգի կարևոր մի մաս»,-ասաց ՀՀ վարչապետը։

Անդրադառնալով «Խաղաղության խաչմերուկ» նախագիծին` Փաշինյանը քարտեզի վրա նշումներ կատարելով բացատրեց, որ նախագծի առանցքային իմաստը Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի, Իրանի Իսլամական Հանրապետության միջև կոմունիկացիաների զարգացումն է, որը ներառում է ճանապարհների, երկաթուղիների, խողովակաշարերի, էլեկտրական լարերի, մալուխների նորոգում, կառուցում, գործարկում։

«Հայաստանի հարավով և հյուսիսով անցնող ճանապարհները, երկաթուղիներն արդեն 30 տարի է` չեն գործում։ Չեն գործում նաև արևելքն արևմուտքին կապող բազմաթիվ ավտոճանապարհներ, մինչդեռ դրանց վերագործարկումը Կասպից ծովը Միջերկրական ծովին կապող կարճ և արդյունավետ ուղի կդառնար թե՛ երկաթուղային, թե՛ ավտոմոբիլային»,-ասաց նա։

Փաշինյանն ընդգծեց, որ այդ ծրագիրը հսկայական օգուտներ կբերի տարածաշրջանի երկրներին` նախագծի վրա հրավիրելով մասնավոր ներդրողների ուշադրությունը։

Նշենք, որ Թբիլիսիի «Մետաքսի ճանապարհ» համաժողովը տեղի կունենա հոկտեմբերի 26-27-ը։ Այդ առիթով Վրաստանի մայրաքաղաքը մինչև 2 000 հյուրի էր սպասում շուրջ 60 երկրից: