Բաքվի խորհուրդը Հնդկաստանին. Դադարեցրեք զենք ուղարկել Հայաստան
Ադրբեջանի վարչապետը Հնդկաստանի կառավարությանը կոչ է արել դադարեցնել զենքի առաքումը Հայաստան։
Ինչպես հաղորդում է «Ազար Նյուզ» լրատվական գործակալությունը, Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը չորեքշաբթի օրը Բաքվում Հնդկաստանի առևտրի և արդյունաբերության պետնախարար Անուպրիա Պատելի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Հայաստանին զենք վաճառելու թեմային։
Ասադովը նշել է, թե «հայկական կողմն ակտիվորեն զինվում է, ինչը լուրջ հարված է խաղաղության գործընթացին»։
«Մենք անհանգստացած ենք Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության համար նոր սպառնալիքների ի հայտ գալով։ Մենք ողջունում ենք Հնդկաստանի հայտարարությունները մեր տարածաշրջանում խաղաղության, կայունության և երկխոսության վերաբերյալ։ Բայց միևնույն ժամանակ մենք Հնդկաստանից ակնկալում ենք այդ հայտարարություններին համապատասխան քայլեր։ Ներկայիս զգայուն պահին, երբ մեծ հույսեր են կապվում խաղաղության համաձայնագրի հետ, Հայաստանին զինելը անընդունելի է»,- ասել է Ադրբեջանի վարչապետը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարը դիմել է Հնդկաստանին՝ Pinaka և այլ սպառազինություն գնելու համար: Այս համակարգը կարող է 44 վայրկյանում արձակել 12 հրթիռ: Ավելի վաղ Հնդկաստանը Հայաստանին վաճառել էր նաեւ սեփական արտադրության «Սուատի» ռադար։
2020 թվականի Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ հայկական բանակը ծանր պարտություն կրեց Ադրբեջանի Հանրապետության բանակից, և այդ իսկ պատճառով Հայաստանի իշխանությունները փորձում են հզորացնել բանակը։
Բաքուն այն դեպքում է մտահոգ Հնդկաստանի կողմից Հայաստանին ռազմական օգնություն ցուցաբերվելու կապակցությամբ, երբ վերջին մի քանի օրերին այս երկիրը Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցության համաձայնագիր է ստորագրել, ըստ որի Հայաստանը համալրվելու է ֆրանսիական արտադրության առաջադեմ ռադարային և հակահրթիռային պաշտպանության համակարգերով։
Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիեն Լըքորնյուն Փարիզում լրագրողներին տված ճեպազրույցում ասել է, որ Հայաստանը գնելու է երեք«Ground Master 200» ռադարներ: