Անկախության հռչակագիրը ոչ մեկ չի կարող չեղարկել, բացի ժողովրդից․ ՍԴ նախագահ
(last modified Thu, 14 Nov 2024 14:15:38 GMT )
Նոյեմբեր 14, 2024 17:45 Asia/Tehran
  • Անկախության հռչակագիրը ոչ մեկ չի կարող չեղարկել, բացի ժողովրդից․ ՍԴ նախագահ

Սահմանադրական դատարանը չի չեղարկել Անկախության հռչակագիրը։ Այս մասին լրագրողներին տված ճեպազրույցում ասաց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը։

Անդրադառնալով ՍԴ որոշման առնչությամբ հնչող քննադատություններին, ինչպես նաև ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի կողմից գրված հատուկ կարծիքին, Դիլանյանն ասաց․ «Մենք 3 հատուկ կարծիք ունենք, որոնցից երկուսը համատեղ է գրվել, մյուսը առանձին, չգիտես՝ ինչու ՍԴ 8 դատավորների կարծիքը այդպես մանրամասն չլուսաբանվեց։ Ամեն ինչ նկատեցի բացի լուրջ իրավական քննադատությունից կամ փաստարկներից։ Չեմ հանդիպել մի քննադատության, թե ինչու է այն իրավականորեն սխալ»։

ՍԴ նախագահը շեշտեց, որ ոչ մեկ չի կարող չեղարկել Անկախության հռչակագիրը․ «Կա մի սուբյեկտ, որը կարող է չեղարկել, դա ժողովուրդն է, միայն ժողովուրդը կարող է չեղարկել Անկախության հռչակագիրը»։

Դիտարկմանը, որ գուցե ՍԴ-ն չի չեղարկել Անկախության հռչակագիրը, սակայն այդ որոշմամբ, այնուամենայնիվ, զրկել է իրավական ուժից, Դիլանյանը պարզաբանեց․

«Սահմանադրական դատարանն ասել է մի բան, որը գոյություն է ունեցել 30 տարի, նոր բան ՍԴ-ն չի ասել։ 30 տարի Սահմանադրությունն ընկալվել է որպես բարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթ և Անկախության հռչակագիրը ողջ ծավալով երբեք չի եղել Սահմանադրության մաս։ Եթե նայեք Անկախության հռչակագիրը և տեսնեք Սահմանադրությունը, և բովանդակային առումով համեմատեք, և փորձեք դրանք նույն իրավական հարթության մեջ դնել, ես չեմ պատկերացնում, թե ինչպես եք այդ հակասությունները լուծելու։ ողջ 30 տարում ոչ մեկի մոտ այդպիսի տպավորություն չի եղել, պարզապես մենք առաջին անգամ խորությամբ ուսումնասիրեցինք խնդիրը և արձանագրեցինք գոյություն ունեցող իրողությունը, նոր բան ՍԴ-ն չի ասել»։