ՄԱԿ-ում Փեզեշքյանի ելույթի վերլուծությունը․ հաստատակամ դիմադրություն և պայմանական դիվանագիտություն
Սեպտեմբերի 23-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանում ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքյանի ելույթը տեղի ունեցավ այն պայմաններում, երբ Իրանը ներգրավված է ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի հետ շուրջ յոթ ամիս շարունակվող պատերազմի մեջ։
Փեզեշքյանի ելույթի հիմնական թեմաներից մեկը Իրանի դեմ ուղղված՝ ահաբեկչության մեղադրանքի մերժումն և երկիրը որպես ահաբեկչության զոհ ներկայացնելն էր։ Ձեռքում պահելով Մինաբի «Շաջարե Թայեբե» դպրոցի վրա հարձակման հետևանքով զոհված ավելի քան 150 երեխաների լուսանկարները և խոսելով ամերիկյան ու իսրայելական զենքերով իրականացված հարձակումների ու սպանությունների մասին, նա ընդգծեց, որ Իրանն ագրեսիայի նախաձեռնողը չի եղել և գտնվում է օրինական պաշտպանության դիրքում։ Անդրադառնալով Գազայում տեղի ունեցող լայնածավալ սպանություններին՝ նա հարց բարձրացրեց տարածաշրջանի հարցերին առնչվող երկակի չափանիշների վերաբերյալ։
Ելույթի մյուս առանցքային թեման եղել է Իրանի ռազմական հզորության պաշտպանական բնույթ։ Փեզեշքյանն ասաց, որ Իրանը ցանկանում է հզորություն՝ իրեն պաշտպանելու, ոչ թե ագրեսիայի համար։ Քննադատելով ամերիկյան նավատորմերի ներկայությունն ու Իրանի ծովային շրջափակումը՝ նա պնդեց, որ օտարերկրյա ռազմական ուժերի տեղակայումը ոչ միայն անվտանգություն չի ապահովում, այլև կարող է մեծացնել տարածաշրջանում լարվածությունն ու անկայունությունը։
Փեզեշքյանի ելույթում կարևոր տեղ էին զբաղեցնում նաև միջուկային թեման և երկակի չափանիշները։ «Իսրայելում ատոմային ռումբ կա, իսկ Իրանում՝ տեսուչներ» արտահայտությունը ելույթի առանցքային շեշտադրումներից էր։ Նա համեմատեց Իսրայելի և Իրանի միջուկային իրավիճակը և մատնանշեց այդ երկրում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից ստուգումների բացակայությունը։ Փեզեշքյանն ընդգծեց, որ Իրանը միջուկային զենքը չի համարում անվտանգության գործոն, սակայն չի հրաժարվի գիտության, արդյունաբերության և միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման իր իրավունքից։ Նա պատժամիջոցները համարեց ճնշման գործիք ժողովրդի, հիվանդների և խոցելի խավերի նկատմամբ։
Ելույթի մյուս հատվածը նվիրված էր դիմադրության և դիվանագիտության համադրմանը։ Փեզեշքյանը հայտարարեց, որ սպառնալիքն ու ճնշումն ավելի միասնական և դիմակայուն են դարձնում Իրանի ժողովրդին, և Իրանը ուժի առաջ գլուխ չի խոնարհի, հավելելով, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության, սակայն չի ընդունում ուժի լեզուն։ Այսպիսով, ներկայացված մոտեցումը հիմնված էր դիմադրությունը պահպանելու և միաժամանակ բանակցությունների ճանապարհը բաց թողնելու վրա։ Ընդգծելով ժողովրդի դերը երկրի պաշտպանության գործում, հայտարարեց Իրանի պատրաստակամությունը երկխոսության համար և հնարավոր բանակցությունների ձախողման պատասխանատվությունը վերագրեց այն կողմին, որն ընտրում է սպառնալիքի ու ուժի ճանապարհը։
Փեզեշքյանն ընդգծեց տարածաշրջանային ընդհանուր անվտանգության կարևորությունը և ասաց, որ տարածաշրջանի ոչ մի երկիր միայնակ չի կարող ապահովել իր անվտանգությունը։ Տարածաշրջանի երկրները պետք է անվտանգություն ստեղծեն միմյանց հետ համագործակցությամբ, իսկ Հորմուզի նեղուցից օգտվելը չի կարող ուղեկցվել Իրանին իր իրավունքներից զրկելով։
Խոսելով մարդու իրավունքների և միջազգային արդարության վերաբերյալ, Իրանի նախագահը կոչ արեց հավասար վերաբերմունք ցուցաբերել բարեկամի և մրցակցի նկատմամբ և ասաց, որ մարդու իրավունքները չպետք է դառնան աշխարհաքաղաքական մրցակցության գործիք։ Նա ընդգծեց ժողովուրդների հավասարությունը, արդարությունը, անաչառությունն ու փոխադարձ հարգանքը և ԱՄՆ-ի սպառնալիքները հակասող համարեց ՄԱԿ-ի կանոնադրությանը։
Ընդհանուր առմամբ, Փեզեշքյանի ելույթը զգացմունքի և տրամաբանության համադրություն էր՝ զոհված երեխաների լուսանկարների ցուցադրումից մինչև ՄԱԿ-ի կանոնադրության վերաբերյալ իրավական և քաղաքական փաստարկներ։ Նա փորձեց փոխել Իրանի վերաբերյալ այն պատկերը, թե երկիրը ապակայունացման մեղադրյալ է՝ այն ներկայացնելով որպես ինքն իրեն պաշտպանող և ագրեսիայի զոհ երկիր։ Ելույթը, միաժամանակ ընդգծելով ռազմական և տնտեսական ճնշմանը դիմակայելը, բաց պահեց նաև դիվանագիտության ուղին, թեև այն անմիջապես չհանգեցրեց լարվածության նվազման կամ պատերազմի ավարտի։