Ինչ է հայտնի Փաշինյանի սպասվող այցի մասին․ Իրանի դեսպանը մանրամասներ է ներկայացրել
https://parstoday.ir/hy/news/armenia-i250506-Ինչ_է_հայտնի_Փաշինյանի_սպասվող_այցի_մասին_Իրանի_դեսպանը_մանրամասներ_է_ներկայացրել
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԻԻՀ ներառված է երկու երկրների այս տարվա ծրագրերում, սակայն ուղևորության կոնկրետ մանրամասները դեռևս համաձայնեցված չեն։
(last modified 2026-09-24T08:51:31+00:00 )
Սեպտեմբեր 24, 2026 11:48 Asia/Tehran
  • Ինչ է հայտնի Փաշինյանի սպասվող այցի մասին․ Իրանի դեսպանը մանրամասներ է ներկայացրել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցը ԻԻՀ ներառված է երկու երկրների այս տարվա ծրագրերում, սակայն ուղևորության կոնկրետ մանրամասները դեռևս համաձայնեցված չեն։

Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին` APRI Forum 2026-ի շրջանակում։

​«Մենք դեռ չենք անցել մանրամասների համաձայնեցմանը, սա մեր ունեցած ընդհանուր ծրագիրն է։ Մենք պետք է հայ պաշտոնյաների հետ միասին աշխատենք, այդ թվում՝ դրա իրականացման ուղղությամբ»,- ասաց դիվանագետը։

​Շիրղոլամին նաև նշեց, որ Իրանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը թույլ կտա ինստիտուցիոնալացնել երկկողմ համագործակցությունն ու հստակ սահմանել դրա առանցքային ոլորտները։

Նրա խոսքով՝ այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն ընթանում են, և կողմերը ջանքեր են գործադրում մոտ ապագայում փաստաթուղթը ստորագրելու համար։

​Խոսելով Քաջարանի թունելի կառուցման մասին՝ դիվանագետը հայտնեց, որ իրանական ընկերությունն արդեն անցել է աշխատանքների նախնական փուլին։ Դեսպանը հույս հայտնեց, որ, հաշվի առնելով իրանական ընկերության հնարավորություններն ու ներուժը, նախագիծը կհաջողվի իրագործել նույնիսկ նախանշված ժամկետից շուտ։

Խոսքը Քաջարան-Ագարակ ճանապարհահատվածի 7,2 կիլոմետրանոց թունելի մասին է, որը կդառնա ամենաերկարը Հայաստանում, մինչև Բարգուշատի 8,6 կիլոմետրանոց թունելի կառուցումը։