Նյու Յորքում կայացել է ԻԻՀ նախագահի և ՀՀ վարչապետի հանդիպումը
Նյու Յորքում Հայաստանի վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ընդգծելով երկկողմ պայմանավորվածությունների իրականացումը, Մասուդ Փեզեշքյանն ասել է. «Իսլամական Հանրապետության հստակ քաղաքականությունը տարածաշրջանի երկրների հետ համագործակցության ընդլայնումն է»։
IRNA-ի հաղորդմամբ՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի շրջանակում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ նախագահը հավելել է, որ երկկողմ պայմանավորվածությունների, հատկապես տարածաշրջանի տարանցիկ երթուղիների հարցում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումն Իսլամական Հանրապետության կառավարության քաղաքականության առաջնահերթությունների շարքում է, և Թեհրանը պնդում է այդ պայմանավորվածությունների իրագործման վրա։
Նա հավելել է. «Իսլամական Հանրապետության հստակ քաղաքականությունը տարածաշրջանի և հարևան երկրների հետ համագործակցության ընդլայնումն է, և այդ առումով կառավարությունն իր բոլոր ջանքերը գործադրում է փոխադարձ պայմանավորվածությունների իրականացման ուղղությամբ»։
Վարչապետ Փաշինյանը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան համագործակցությունը զարգանում է հաջողությամբ, համատեղ ծրագրեր են իրականցվում տարբեր ոլորտներում:
Նիկոլ Փաշինյանը և Մասուդ Փեզեշքիանն անդրադարձել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերություններին և դրանց ընդլայնմանը միտված քայլերին:
Կողմերը կարևորել են տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովումը: Անդրադարձ է կատարվել նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:
Մասուդ Փեզեշքյանը հանդիպմանը Փաշինյանին նվիրել է «In the name of help» գիրքը, որում ներառված է ԱՄՆ-ի և Իսրայելի ռեժիմի կողմից Իրանի ժողովրդի դեմ իրականացված հանցագործությունների վերաբերյալ փաստագրական նյութեր։
Գիրքը, որը պարունակում է փաստագրված տեղեկություններ, ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստի շրջանակում և այլ երկրների ղեկավարների հետ նախագահի հանդիպումների ժամանակ նվիրվել է նրանց։ Գրքում լուսանկարներով ներկայացված են Իրանի ժողովրդի և ենթակառուցվածքների դեմ իրականացված ագրեսիվ հարձակումները, ինչպես նաև այդ պատերազմների զոհերը։
Գրքի անվանումը վերաբերում է այն կեղծ օգնություններին, որոնց անվան տակ ԱՄՆ-ն ու Իսրայելի ռեժիմը վերջին մի քանի պարտադրված պատերազմների ընթացքում, իբր օգնություն տրամադրելու անվան տակ, Իրանում իրականացրել են հակամարդկային հանցագործություններ։