«Խորին հարգանքով` ցեղասպանության զոհերի հիշատակին». Չեխիայի նախագահի գրառումը` թանգարանի հուշամատյանում
https://parstoday.ir/hy/news/armenia-i20905-Խորին_հարգանքով_ցեղասպանության_զոհերի_հիշատակին_._Չեխիայի_նախագահի_գրառումը_թանգարանի_հուշամատյանում
Պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 09, 2016 05:09 Asia/Tehran
  • «Խորին հարգանքով` ցեղասպանության զոհերի հիշատակին». Չեխիայի նախագահի գրառումը` թանգարանի հուշամատյանում

Պետական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանն այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Միլոշ Զեմանին ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ու Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Չեխիայի նախագահը, ծաղկեպսակ դնելով հուշահամալիրի, ապա՝ ծաղիկներ խոնարհելով անմար կրակի մոտ, հարգեց 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Այնուհետեւ Չեխիայի նախագահը Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանի ուղեկցությամբ շրջեց թանգարանում, ծանոթացավ ցուցանմուշներին, իսկ թանգարանի հուշամատյանում գրառում կատարեց, որտեղ, մասնավորապես, ասված է. «Խորին հարգանքով` ցեղասպանության զոհերի հիշատակին»:

Հայկ Դեմոյանի խոսքով՝ Չեխիայի նախագահը ասել է, որ ոչ մի վայրկյան չի վարանել, որ գրառման մեջ հենց ցեղասպանություն եզրույթը շեշտվի:

Այցելության ավարտին նախագահը թանգարանին կից եղեւնիների պուրակում տնկեց եղեւնի: