Արարատ Միրզոյանը Բրյուսելում խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին
(last modified Mon, 11 Dec 2023 13:28:54 GMT )
Դեկտեմբեր 11, 2023 16:58 Asia/Tehran
  • Արարատ Միրզոյանը Բրյուսելում խոսել է «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով հանդիպմանը խոսել է ՀՀ կառավարության մշակած «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մասին, անդրադարձել դրա առանձին բաղադրիչներին՝ ընդգծելով ծրագրի կարևորությունը ոչ միայն Հարավային Կովկասի, այլ նաև ավելի լայն տարածաշրջանի համար: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը։

«Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ ջանքերը, Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացն ու խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ հիմնական մոտեցումները»,– ասված է հաղորդագրությունում։

Նախարարը հանգամանալից ներկայացրել է ՀՀ-ԵՄ գործընկերության ընթացիկ ծրագրերը, հետագա ընդլայնմանն ու խորացմանն ուղղված քայլերը, անդրադարձ է կատարել ՀՀ-ԵՄ քաղաքական ու անվտանգային երկխոսության մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելությանը,

Նա ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հեռանկարների շարքում՝ մարդկանց միջև շփումների, ՀՀ-ն ԵՄ-ին առավել մոտեցնելու համատեքստում ընդգծել է մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ վերջնական որոշման կարևորությունը։

Միրզոյանը անդրադարձ է կատարել նաև տնտեսական և այլ ոլորտներում ՀՀ-ԵՄ հավակնոտ օրակարգին, այդ թվում՝ տարածաշրջանային նախաձեռնությունների ներառականությանը և Սևծովյան էլեկտրաէներգիայի մալուխին ՀՀ միանալու ներուժին:

Հիշենենք` Վրաստանում անցկացված «Մետաքսի ճանապարհ» համաժողովում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծ իրականացնել տարածաշրջանում։ Նա ընդգծեց, որ դրանով արձանագրվում է հետևյալը` կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է սահմանային և մաքսային հսկողություն։ Բացի դրանից, կողմերից յուրաքանչյուրն ապահովում է նաև կոմունիկացիաների անվտանգությունը (խոսքը խողովակաշարերի, մալուխների, ճանապարհների, ավիահաղորդակցության ուղիների մասին է), ինչպես նաև բեռների անվտանգ անցումը։

armeniasputnik.am