ՀՀ–ն պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան
(last modified Thu, 14 Dec 2023 07:22:42 GMT )
Դեկտեմբեր 14, 2023 10:52 Asia/Tehran
  • ՀՀ–ն պատրաստ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ. Փաշինյան

ՀՀ–ն պատրաստակամ է բացել երկաթուղային հաղորդակցությունը Ադրբեջանի և Թուրքիայի հետ։ Դեպի ծով ելք չունեցող զարգացող երկրների նախարարական հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հիշեցրեց, որ ՀՀ սահմաններն ավելի քան 30 տարի Ադրբեջանի ու Թուրքիայի հետ փակ են, այդ պատճառով ՀՀ իշխանությունները շատ են քննարկում տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու հարցը։

«Հայաստանը պատրաստակամություն է հայտնում բացել երկաթուղային հաղորդակցությունը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև` նախկինում գործող երկու երկաթուղիների միջոցով` հյուսիսային ուղիով, որը կապում է Ադրբեջանի Ղազախի շրջանը ՀՀ Տավուշի մարզի հետ և հարավային ուղին, որը Ադրբեջանի արևմտյան շրջանները այլոց շարքում կապում է Նախիջևանի Ինքնավար մարզի հետ։ Մենք նույն պատրաստակամությունը հայտնում ենք նաև Հայաստան–Թուրքիա երկաթուղին բացելու առումով»,– ասաց Փաշինյանը։

Նույնը, ըստ նրա` վերաբերում է նաև ավտոճանապարհներին, որոնք կկարողանան կապել հյուսիսը հարավի հետ, արևմուտքը արևելքի հետ։

Փաշինյանի խոսքով` ՀՀ իշխանությունները ժամանակի ընթացքում վերանայում են տրանսպորտային հաղորդակցությունների դերակատարումը, քանի որ դրանք կարևոր են ինչպես ապրանքերի ու մարդկանց տեղափոխման, այնպես էլ տարածաշրջանային կայունության ու խաղաղության ապահովման համար։

«Խաղաղությունն առաջին հերթին ժողովուրդների տնտեսական ու մշակութային, քաղաքական կապերի հնարավորությունն ու առկայությունն է։ Իսկ այդ կապերը ակնհայտորեն չեն կարող գոյություն ունենալ առանց տրանսպորտային հաղորդակցությունների։ Դրա համար մեր ամբողջ պատկերացումն այս թեմայով ամբողջականացրել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մեջ, որը, ըստ էության, տարածաշրջանային հաղորդակցությունները բացելու մասին է, ու որն ուղիղ առնչություն ունի դեպի ծով ելք ունենալու ավելի մեծ հասանելիությունների հետ»,– հայտարարեց ՀՀ վարչապետը։

Ըստ նրա` տարածաշրջանային հաղորդակցությունների բացումը հնարավոր կլինի, եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատվի խաղաղություն։ Դրա վառ վկայությունը երեկվա գերիների փոխանակումն էր։

«Ես չէի ուզենա կենտրոնանալ հոռետեսություն ներշնչող փաստերի վրա, այլ կուզեի առնվազն երեկվա իրադարձությունը համարել զրոյական մի կետ, որից մենք կկարողանանք օգտվել, որպեսզի հետագա լուրերը ավելի շատ վկայեն ՀՀ–ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման, քան հակառակի մասին»,– ընդգծեց Փաշինյանը։

Հիշեցնենք` դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմն ու Ադրբեջանի Հանրապետության նախագահի վարչակազմը համատեղ հայտարարություն տարածեցին, որում ասվում էր` Ադրբեջանի Հանրապետությունն ազատ է արձակում 32 հայ զինծառայողի, Հայաստանն էլ իր հերթին ազատ է արձակում դատապարտված 2 ադրբեջանցի զինծառայողի։ Ռազմագերիների փոխանակումը տեղի ունեցավ դեկտեմբերի 13-ին Ղազախ–Իջևան սահմանին։ Հայաստան վերադարձած գերիների անունները հրապարակեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։