Հնդկաստանն ու Հայաստանը շարժվում են դեպի ռազմավարական գործընկերությո՞ւն. The National Interest
(last modified Thu, 28 Dec 2023 08:32:09 GMT )
Դեկտեմբեր 28, 2023 12:02 Asia/Tehran
  • Հնդկաստանն ու Հայաստանը շարժվում են դեպի ռազմավարական գործընկերությո՞ւն. The National Interest

Երբ խոսքը վերաբերում է Հնդկաստանի աշխարհաքաղաքական մանրևրներին, համաշխարհային ռազմավարական հանրությունը զգում է, որ Հնդկաստանը գործում է իր հնարավորությունների սահմանաչափից ավելի քիչ՝ հիմնականում սահմանափակված Հարավային Ասիայում, գրում է The National Interest-ը:

Մինչև վերջերս Հնդկաստանի ռազմավարական հաշվարկը հիմնականում սահմանափակվում էր Պակիստանով և Չինաստանով: Նրա տարածումը դեպի արևմտյան աշխարհ հիմնականում տնտեսական և մշակութային էր: Այնուամենայնիվ, այն բանից հետո, երբ Դոկլամում և Գալվանում չինական ներխուժումները վատթարացրին Հնդկաստան-Չինաստան հարաբերությունները, իսկ Քաշմիրի հակամարտությունում ներգրավվեց Թուրքիայի պես արտատարածաշրջանային դերակատարը, Հնդկաստանի արտաքին քաղաքականության տեսլականը, մոտեցումը և ռազմավարական հաշվարկները ընդլայնվեցին Հարավային Ասիայի սահմաններից դուրս:

Հնդկաստանի և Հայաստանի՝ հեռավոր հարավկովկասյան երկրի համագործակցությունն այս նոր փոփոխության մի մասն է, գրում է աղբյուրը:

Վերջին երեք տարիներին Հնդկաստանը դարձել է Հայաստանին զենք մատակարարող խոշոր երկիր։ Պաշտպանության ոլորտում խոշոր գործարքները ներառում են Pinaka բազմափողանի հրթիռային կայանքների, 40 միլիոն դոլար արժողությամբ պայմանագիր SWATHI զենքի տեղորոշման ռադարների, հակատանկային հրթիռների  զինամթերքի և 155 մմ հրանոթների վաճառք:

Հնդկաստանի արտաքին գործերի նախարարությունում The National Interest-ի զրուցակիցները հայտնել են, որ Հայաստանը շահագրգռված է ավելի շատ պաշտպանական գործարքներով, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և հակադրոնային համակարգերի և միջին հեռահարության «երկիր-օդ» հրթիռների մասով։

Պարբերականը նկատում է, որ մինչև 2020 թվականի պատերազմը Հնդկաստանը քիչ թե շատ հստակ դիրքորոշում ուներ՝ աջակցելով Հայաստանին Ադրբեջանի տարածքային ագրեսիայի դեմ։ Թուրքիայի և Պակիստանի աջակցությունն Ադրբեջանին ավելի էական դարձրեց Հնդկաստանի կողմից Հայաստանին աջակցելը։ 2017 թվականին Թուրքիան, Ադրբեջանը և Պակիստանը ստորագրել են եռակողմ համաձայնագիր՝ պաշտպանական և ռազմավարական կապերը զարգացնելու համար: Հատկանշական է, որ Ադրբեջանը Քաշմիրի հարցում իր աջակցությունն է հայտնել Պակիստանին, իսկ Հայաստանը՝ Հնդկաստանին։

Բացի Թուրքիային և Պակիստանին հակակշռելուց, Հնդկաստանը նաև դիտարկում է Հայաստանին որպես հանգուցային կետ՝ ընդլայնելու իր ռազմավարական և տնտեսական կապը դեպի Հարավային Կովկաս: Այս տարածաշրջանում Դելիի ամենակարևոր շահերը կապված են կապի ռազմավարական նախագծերի հետ: Հնդկաստանի հետաքրքրությունը «Հյուսիս-Հարավ» միջազգային միջանցքի նկատմամբ է, որի մաս է կազմում Հայաստանը:

Հայաստանը բնական ընտրություն է Հնդկաստանի համար, քանի որ Ադրբեջանը համագործակցում է Պակիստանի և Թուրքիայի հետ: Հաշվի առնելով վերը նշված զարգացումները՝ ողջամիտ է եզրակացնել, որ Երևանն ու Նյու Դելին շարժվում են դեպի ամուր ռազմավարական գործընկերություն։

Սակայն Հարավային Կովկասում գլոբալ տերությունների աճող ներգրավվածությունը կարող է խոչընդոտել Հնդկաստան-Հայաստան հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելուն։ Ադրբեջանի հետ պատերազմին Ռուսաստանի թույլ արձագանքից հետո Հայաստանի կողմից զգալի տեղաշարժ է նկատվում դեպի Միացյալ Նահանգներ, ինչը անհարմարավետություն է պատճառում Մոսկվային: Վերջին Ռուսաստան-Ուկրաինա պատերազմի ժամանակ Հնդկաստանը ստիպված էր դիմակայել արևմտյան տերությունների հսկայական ճնշմանը Ռուսաստանի հետ համագործակցությունից հրաժարվելու համար: Հաշվի առնելով Հնդկաստանի հակակրանքը դաշինքների հանդեպ՝ Նյու Դելին կխուսափի ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև սառը պատերազմի մեկ այլ ճակատում հայտնվելուց:

 Հնդկաստանի համար ամենավատ սցենարը լինելու է «Հյուսիս-Հարավ»-ի անցումը Ադրբեջանի տարածքով։ Հետևաբար, կարելի է պնդել, որ Հարավային Կովկասում տիրող անորոշության և անկայունության պայմաններում Հնդկաստանը կնախընտրի առաջ շարժվել Հայաստանի հետ երկկողմ ձևաչափով` հատուկ ուշադրություն դարձնելով պաշտպանական գործարքներին և տնտեսական կապերին, եզրափակում է պարբերականը: