Ֆրանսիայի Սենատը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել
https://parstoday.ir/hy/news/armenia-i212508-Ֆրանսիայի_Սենատը_Ադրբեջանի_դեմ_պատժամիջոցներ_կիրառելու_բանաձև_է_ընդունել
Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել։Բանաձևի քննարկումը տեղի է ունեցել հունվարի 17-ին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 18, 2024 11:33 Asia/Tehran
  • Ֆրանսիայի Սենատը Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել

Ֆրանսիայի Սենատը 336 կողմ և մեկ դեմ ձայնով Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ կիրառելու բանաձև է ընդունել։Բանաձևի քննարկումը տեղի է ունեցել հունվարի 17-ին։

1in.am-ի փոխանցմամբ Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ պահանջող բանաձևն աջակցում է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը, դատապարտում է Ադրբեջանի կողից իր դաշնակիցների աջակցությամբ 2023 թ. սեպտեմբերի 19-ին և 20-ին իրականացված ռազմական հարձակումը Լեռնային Ղարաբաղում, կոչ է անում Ադրբեջանին երաշխավորելու հայ բնակչության վերադարձի իրավունքը Լեռնային Ղարաբաղ` երաշխավորելով այնպիսի պայմաններ, որոնք կապահովեն նրանց անվտանգությունն ու բարեկեցությունը։

Բանաձևը կոչ է անում ադրբեջանական զորքերի և նրանց դաշնակիցների անհապաղ և անվերապահ դուրսբերումը Հայաստանի ինքնիշխան տարածքից, նշում է, որ Հայաստանն իրավունք ունի պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը և ունենալու միջոցներ՝ ապահովելու իր անվտանգությունը, այդ թվում՝ ռազմական ճանապարհով։

Այդ թվում նաև դատապարտում է Լեռնային Ղարաբաղի քաղաքական առաջնորդների կամայական ձերբակալությունները, կոչ է անում հեռացնել Ադրբեջանին Զինված ընդհարման դեպքում մշակութային արժեքների պաշտպանության միջկառավարական կոմիտեից։ Կարևորում է ՅՈՒՆԵՍԿՕ-ում փորձագետների միջազգային խմբի ստեղծումը և գործուղումը Լեռնային Ղարաբաղ՝ մշակութային և կրոնական ժառանգության վիճակի վերաբերյալ տեղեկատվական զեկույց պատրաստելու համար։

Բանաձևը կարևորում է նաև ամենախիստ միջոցների ձեռնարկումը, այդ թվում՝ Ադրբեջանի ղեկավարների ակտիվների առգրավումը և Ադրբեջանից գազի և նավթի ներմուծման էմբարգոն՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ռազմական ագրեսիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու համար:

Բանաձևի ընդունման նիստին պատվո հյուրի կարգավիճակում ներկա էին Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։