ՀՀ–ն կանգնած է նոր սպառնալիքների առջև. քաղաքագետը` Ադրբեջանի հետ նամակագրության մասին
Ըստ քաղաքագետի` Ադրբեջանի նպատակը ոչ թե տարածքներն ականներից մաքրելն է, այլ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապ ստեղծելը, Հայաստանի հետ սահմանին ամեն տեղ գերակա դիրք ունենալն ու նոր տարածքներ «պոկելը»։
Հայաստանի և Ադրբեջանի պետական կառույցների միջև հանրային նամակագրությունը բավականին անհանգստացնող է, քանի որ լարվածությունը մեծանում է, ինչը վկայում է, որ Հայաստանը կանգնած է նոր սպառնալիքների առջև։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Ոսկանապատ» կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը։
Հայտնել ենք, որ այսօր ավելի վաղ Գերիների, պատանդների և անհետ կորած (գտնվելու վայրն անհայտ) անձանց հարցերով զբաղվող ՀՀ միջգերատեսչական հանձնաժողովը Ադրբեջանի համապատասխան կառույցին առաջարկել էր ակտիվացնել համագործակցությունը: Հունվարի 23–ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը չէր բացառել, որ ՀՀ–ն ականապատ նոր տարածքների մասին տեղեկություն կփոխանցի Ադրբեջանին։ Հունվարի 25–ին էլ ՀՀ ԱԱԾ–ն հայտարարել էր, որ Արցախի տարածքում գտնվող ականապատ դաշտերի մասին 8 նոր տեղեկամատյաններ առաջիկա օրերին աշխատանքային խողովակներով կփոխանցվեն ադրբեջանական կողմին:
Քաղաքագետի խոսքով` Հայաստանն, ըստ էության, փորձում է իրեն ապահովագրել հնարավոր պատերազմից կամ լարվածությունից նրանով, որ պատրաստ է ամեն կերպ բավարարել Ադրբեջանի պահանջները, միայն թե չլինի այդ պատերազմը, իսկ ադրբեջանական կողմը, հակառակը` ցույց է տալիս, որ միևնույն է` բավարարված չէ և իր խնդիրները լուծելու համար կարող է այլ ճանապարհներ գտնել։
«Գլխավոր խնդիրներից մեկն այն է, որ Հայաստանն Ադրբեջանի սպառնալիքներին ադեկվատ պատրաստվելու փոխարեն ուղղակի փորձում է մեղքը հակառակորդի վրա գցելու մարտավարություն կիրառել, ասելով` տեսեք` ինչ էլ լինի, մենք մեղավոր չենք, ամեն ինչ արել ենք, որ լարվածություն չլինի, բայց եղավ։ Սա սխալ և վտանգավոր մոտեցում է մեր երկրի համար, և մտահոգվելու բավականին լուրջ հիմքեր կան»,–ասաց Մելիք–Շահնազարյանը։
Նրա խոսքով` Ադրբեջանը փորձում է Հայաստանին մշտապես լարվածության մեջ պահել և պահանջներ ներկայացնել` դրանք միջազգային հարթակներում հիմք դարձնելով որպես իրենց գործողությունների հիմնավորում։ Նրանք հասկանում են, որ այլ քարտեզներ արդեն չկան, ամեն ինչ փոխանցված է իրենց, սակայն ասում են, որ դրանից գոհ չեն և նոր պահանջներ են ձևակերպում։
«Ինչքան էլ Հայաստանի իշխանությունները խոսեն խաղաղության դարաշրջանի, խաղաղության խաչմերուկի մասին, բոլորս էլ հասկանում ենք, որ նման նպատակադրումներ Ադրբեջանը չունի։ Այն, ինչ տեսնում ենք Ադրբեջանի հայտարարությունների մեջ, իրավիճակը սրելու վկայություններ են, և նրանք դա չեն թաքցնում։ Եթե հայկական կողմը մինչև անգամ ամենավերջին ականի քարտեզն էլ տար, միևնույն է` Ադրբեջանը դժգոհ էր մնալու»,–ասաց նա։
Ըստ քաղաքագետի` Ադրբեջանի նպատակը ոչ թե տարածքներն ականներից մաքրելն է, այլ Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապ ստեղծելը, Հայաստանի հետ սահմանին ամեն տեղ գերակա դիրք ունենալն ու նոր տարածքներ «պոկելը»։