Ինչպե՞ս է ազդում սահմանային լարվածությունը հայ-իրանական ծրագրերի վրա
Հայաստանն Իրանի հետ ռազմավարական նշանակության մի շարք ծրագրեր է իրականացնում՝ բարձրավոլտ էլեկտրագծի կառուցում, «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց», Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի կարևորագույն հատվածի կառուցում Հայաստանի հարավում՝ Սյունիքում։ Ինչպե՞ս է ազդում սահմանային լարվածությունն այս ծրագրերի իրականացման վրա, որքանո՞վ են հաշվարկված անվտանգային ռիսկերը և որո՞նք են այս նախագծերի իրագործմանը հասնելու քայլերը։
Որքանո՞վ կազդեն սահմանային միջադեպերը հայ-իրանական էներգետիկ ծրագրերի վրա։ Ռազմավարական նշանակության նախագծերը կզսպե՞ն լարվածությունը Հայաստանի հարավում, թե՞ հակառակը՝ իրավիճակը կխանգարի ծրագրերի իրականացմանը։ Քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի կարծիքով՝ հարցը քաղաքական և տնտեսական բաղադրիչներ ունի։ Եթե Հայաստանն ու Իրանը որոշակի ծրագրեր իրականացնելու համաձայնություններ ունեն, ապա բանակցություններում հաշվի է առնվել նաև անվտանգային բաղադրիչը ՝ ասում է Բադալյանը։
«Անկասկած է, որ այն անվտանգային ռիսկերը, որոնք անընդհատ փորձում է գեներացնել Ադրբեջանը, կարծում եմ նաև Թուրքիան, իհարկե թիրախավորում են նաև տնտեսական նախագծերը, հայ-իրանական գործակցության խորացման տարբեր ծրագրերը։ Բայց եթե Հայաստանն ու Իրանը տեսնում են շահ այս կամ այն նախաձեռնության մեջ ու աշխատում են այդ ուղղությամբ , կարծում եմ, որ անվտանգության ռիսկերը հաշվի են առնվում, դրանք էական խոչընդոտներ չեն»։
Հայաստան–Իրան բարձրավոլտ էլեկտրագծի կառուցում, «Գազ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիր, Հյուսիսի–հարավ ճանապարհային միջանցքի կարևորագույն հատվածի շինարարություն Սյունիքում։ Հայաստանի ու Իրանի միջև իրականացվող ծրագրերը շատ են, այլ հարց է, որ դրանց մեծ մասը դանդաղում է՝ ընդգծում է Հակոբ Բադալյանը։
«Միևնույն ժամանակ, այդ ծրագրերը նպաստում են նաև, որ նույն Իրանն ավելի նախանձախնդիր լինի ու ավելի մեծ ջանք գործադրի անվտանգության միջավայրում կայունությունը ապահովելու ուղղությամբ, այն ինչ իր ներուժը թույլ է տալիս, և այն , ինչ կարող է իրենից կախված լինել։ Եվ այն, որ Թեհրանը պարբերաբար հայտարարում է, որ Հայաստանի անվտանգությունն ինքը դիտարկում է նաև իր անվտանգության համատեքստում, արտացոլում են նաև այս իրողությունները»։
Ճիշտ չէ սահմանային լարվածությունները գնահատել գերտերությունների կամ ռեգիոնալ պետությունների քաղաքականության համատեքստում՝ ասում է Բադալյանը։ Նրա դիտարկմամբ՝ Իրանը չի կարող կանխել այդ միջադեպերը, բայց կարող է ջանքեր գործադրել ավելի մեծ էսկալացիա թույլ չտալու համար։ Լուծումը ուժային բալանսով ու դիվանագիտական ճնշմամբ այդ միջադեպերի կանխմանը հասնելն է։
«Հնարավորինս արագ ուժային այնպիսի բալանսի հասնելն է, որ Ադրբեջանին ցույց կտա, որ խայթոցների քաղաքականությունն արդյունավետ չի կարող լինել։ Եվ Ադրբեջանը կհրաժարվի տեղային անընդհատ լարվածությունը քաղաքական կապիտալիզացիայի ենթարկելու իր մոտեցումից։ Հիմա տեսնում են, որ կարող են որոշակի դիվիդենտներ քաղել, այդ լարվածության վրա խաղալով, անում են։ Ավելի լայն մասշտաբի գնալու հարցում Ադրբեջանին զսպող գործոնները շատ են»։
Հայ-իրանական ծրագրերի տնտեսական բաղադրիչը դիտարկելիս Հայկական էներգետիկական ակադեմիա ՀԿ նախագահ Ստեփան Պապիկյանն էներգետիկ դիվանագիտության մասին է խոսում։
«Հայաստանը պետք է վարի էներգետիկական ճկուն դիվանագիտություն։ Իմ կարծիքով միշտ չէ, որ Իրանի ու ամբողջ աշխարհի հետ այս առումով մեր քայլերը ճիշտ են կատարվում, ճիշտ քաղաքականությամբ է առաջ շարժվում»։
Էներգետիկ դիվանագիտության մեջ, փորձագետի դիտարկմամբ, կարևորը քայլերը հաշվարկելն ու գաղտնիությունը պահպանելն է։ Սա նաև Հայաստանին հնարավորություն կտա ֆորսմաժորային իրավիճակներում խուսափել էներգետիկ խնդիրներից։ Հայաստանը պետք է ամեն ինչ անի, որպեսզի հետ չմնա տարածաշրջանային ծրագրերից՝ ասում է մասնագետը։ Իսկ տարածաշրջանում էներգետիկ նոր ծրագրի շուրջ բանակցություններ են սկսվել։ Օրերս Իրանում ՌԴ դեսպանն էր հայտարարել, որ բանակցում են Ռուսաստան-Անդրկովկաս-Իրան էներգետիկ կամրջի ստեղծման հարցում։ Նշել է, որ էլեկտրաէներգիայի փոխանակումն ու փոխանցումը տեղի կունենա Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի և Իրանի միջև։