Փետրվարի 28-29-ը Բեռլինում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները
(last modified Mon, 26 Feb 2024 13:26:32 GMT )
Փետրվար 26, 2024 16:56 Asia/Tehran
  • Փետրվարի 28-29-ը Բեռլինում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները

Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը տեղի կունենա փետրվարի 28-29-ը Բեռլինում՝ համաձայն Մյունխենում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածության: Այս մասին տեղեկացրեց Հայաստանի արտգործնախարարության խոսնակ Անի Բադալյանը:

Առաջիկա հանդիպման մասին ավելի վաղ պաշտոնական Բաքուն էր հաղորդել։ Ադրբեջանի արտգործնախարարը, սակայն, փակագծեր չէր բացել, թե կոնկրետ որտե՞ղ է կայանալու այդ հանդիպումը, ի՞նչ ֆորմատով` երկկո՞ղմ, թե՞ միջնորդի մասնակցությամբ։

Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն հիշեցրել էր, որ մյունխենյան համաժողովի ժամանակ Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո էր որոշում կայացվել վերսկսել խաղաղության գործընթացը։

«Առաջիկա օրերին խաղաղության պայմանագրի շուրջ նախատեսվում են բանակցություններ հայաստանյան պատվիրակության հետ։ Ինչպես գիտեք, թեև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները տեղի չէին ունենում, բայց տեքստի շուրջ քննարկումները շարունակվում էին», - ասել է Բայրամովը:

«Անցած հինգ ամիսները եղել են ամենահանգիստ շրջանը Ադրբեջանի և Հայաստանի պայմանական սահմանին։  Երբ մենք դիտարկենք այդ ժամանակահատվածը, ապա կտեսնենք, որոշ շրջանակներ անհանգստացած են այդ հանգամանքով և անում են հնարավորը իրավիճակը փոխելու և լարվածություն առաջացնելու համար», - ասել է Բայրամովը:

Միաժամանակ, Ադրբեջանի արտգործնախարարը քննադատել է Եվրամիությանը և Ֆրանսիային՝ նրանց մեղադրելով իրավիճակն ապակայունացնելու մեջ։ Բայրամովը մասնավորապես ասել է, թե «Եվրամիության առաքելության գործողությունները սահմանին, արևմտյան տարբեր դիվանագետների ժամանումը սահման, երբ լարվածություն չկա, հանգեցնում են նրան, որ հարցն անընդհատ օրակարգում է և ներկայացվում է որպես լարվածություն»։

Ինչ վերաբերում է Փարիզին, ապա ըստ Բաքվի՝ կատարված դրական քայլերի ֆոնին Ֆրանսիայի ակտիվացումը սրում է իրավիճակը ։ Բայրամովը որպես օրինակ մատնանշել է նաև Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան. - «Շոլցի նախաձեռնած հանդիպումից հետո ընդգծվեց և համաձայնեցվեց խաղաղ գործընթացի զարգացման կարևորությունը։ Բայց սրանից անմիջապես հետո եղավ Ֆրանսիայի նախագահի հայտարարությունը, հետո՝ Ֆրանսիայի պաշտպանության նախարարի այցը Հայաստան ու նրա սադրիչ հայտարարությունները»:

Բայրամովը չի մանրամասնել, թե Ֆրանսիայի նախարարի որ հայտարարությունն է համարում սադրիչ։ Սեբիաստիեն Լըկորնյուն, Երևանում խոսելով հայ-ֆրանսիական ռազմատեխնիկական համագործակցության մասին, ասել էր, որ Ֆրանսիայի մատակարարած սպառազինությունը բացառապես պաշտպանական է և այն բնականաբար չի կիրառվի, եթե Հայաստանի վրա հարձակում չլինի։