Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում դրական միտում կա
https://parstoday.ir/hy/news/armenia-i217420-Ալիևը_հայտարարել_է_որ_Հայաստանի_հետ_հարաբերություններում_դրական_միտում_կա
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում դրական միտում կա։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2024 14:25 Asia/Tehran
  • Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ հարաբերություններում դրական միտում կա

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղության գործընթացում դրական միտում կա։ Այս մասին գրում է Sputnik Ադրբեջանը։

«Սահմանազատումն ու սահմանագծումն իրականացվում են երկու երկրների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների հիման վրա՝ առանց որևէ միջնորդի»,- ասել է Ալիևը:

Ըստ նրա՝ սա ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ Բաքվին և Երևանին պետք չեն միջնորդներ, հատկապես այնպիսիք, որոնք ելնում են իրենց շահերից։

Ադրբեջանի նախագահը շեշտել է, որ այդ միջնորդները չեն ցանկանում օգնել, նրանք ցանկանում են ներթափանցել տարածաշրջան հանուն իրենց քաղաքական և տնտեսական շահերի։

«Նրանք ցանկանում են կրկին թեժացնել իրավիճակը։ Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա Հարավային Կովկասում»,- ընդգծել է Ալիևը։

Նա վստահություն է հայտնել, որ Հարավային Կովկասում խաղաղությունը հնարավոր է միայն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման արդյունքում։

Հիշեցնենք` Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։ Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Կիրանց գյուղի հատվածում ճանապարհի մի քանի հարյուր մետրանոց հատվածի փոփոխություն կարվի, իսկ Ոսկեպարը ճանապարհի խնդիր չի ունենա։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Չնայած այդ ամենին` հայաստան–Ադրբեջան սահմանին արդեն 35 սահմանային սյուն է տեղադրվել։