Մայիս 02, 2024 12:31 Asia/Tehran
  • ՀՀ–ն հաստատեց ԵԱՏՄ–ից արտահանվող ապրանքների ծագման միասնական համակարգի համաձայնագիրը

ՀՀ կառավարությունը հավանություն տվեց «ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագումը որոշելու ներդաշնակեցված համակարգի մասին» համաձայնագրի վավերացմանը։

Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թ. դեկտեմբերի 4-ին Մոսկվայում: Համաձայնագրով սահմանվում է ԵԱՏՄ մաքսային տարածքից արտահանվող ապրանքների ծագման որոշման միասնական համակարգը։

«Հիմնական նպատակն է համակարգել և միավորել 3–րդ երկրներ արտահանվող ապրանքների ծագման երկրի որոշման հետ կապված բոլոր հարցերը, կարգավորել ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրող կազմակերպությունների գործունեությունը, վերացնել նշված ոլորտում առկա իրավական բացերը՝ այդ թվում, անհրաժեշտության դեպքում հաստատել ապրանքների ծագումը ապրանքների ծագման երկրի կողմից որոշված և արտահանման ժամանակ կիրառվող ոչ սակագնային միջոցների ներդրման և արտահանման մաքսատուրքերի դեպքում»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։

Համաձայնագրով սահմանվում են անդամ պետություններից երրորդ երկրներ (որոնք չունեն ապրանքների ծագումը որոշելու իրենց «ներմուծման» կանոնները) արտահանվող ապրանքների ոչ արտոնյալ ծագումը որոշելու համար կանոններ։ Այդ կանոնները կիրառվելու են անդամ պետությունների լիազոր մարմինների կողմից ապրանքների ծագման հավաստագրեր տրամադրելու համար, որոնք հետագայում օգտագործվելու են արտաքին տնտեսական գործունեության մասնակիցների կողմից՝ մի շարք երրորդ երկրներ ներմուծելիս իրենց ապրանքների ծագումը հաստատելու համար:

Համաձայնագրի դրույթներով Եվրասիական տնտեսական հանձնաժողովին ընձեռվում է հատուկ կանոններ սահմանելու լիազորություն, որոնք կիրառվելու են միության մաքսային տարածքից ապրանքների արտահանման շրջանակներում անդամ պետությունների մաքսային մարմնի կողմից ապրանքների ծագումը հաստատելու անհրաժեշտության դեպքում։

Հանձնաժողովը կվարի կարգավորման առանձին միջոցների միասնական ռեեստր, որը ներառելու է այնպիսի ապրանքներ, որոնց արտահանման ժամանակ պահանջվելու է ծագման հաստատում:

arm.sputniknews.ru

 

Պիտակ