Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամությունը պետք է կառավարել. Փաշինյանը` ՀՀ նպատակների մասին
ՀՀ նպատակներից է Վրաստանի և Իրանի հետ բարիդրացիության խորացումն ու զարգացումը։ Իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չպետք է ունենա տարածաշրջանում, ուստի պետք է այն կառավարել։
Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացնելով ՀՀ արտաքին քաղաքականությունն ու տարածաշրջանային միջավայրը։
Նա մեկնաբանեց, թե ինչ է նշանակում թշնամության կառավարումը։
«Թշնամության կառավարություն նշանակում է՝ այնպես անել, որ նախ այդ թշնամությունն անկառավարելի դրսևորումներ չունենա մեր տարածաշրջանում։ Երկրորդը՝ հասցնել այն նվազեցման փուլին և երկարաժամկետ ռազմավարության առումով շարժել դեպի զրոյացման ուղղություն»,–նշեց նա։
Փաշինյանը շեշտեց, որ կառավարությունը այս ամենը հաշվի առնելով է նաև հատուկ կարևորություն տալիս «Խաղաղության խաչմերուկ» նախագծին։
«Որովհետև մենք համարում ենք, որ թշնամության զրոյացումը և նույնիսկ նվազեցումը հնարավոր է, երբ տնտեսական հաղորդակցությունները բաց են և այդ հաղորդակցությունն օգտագործվում է գործարարության, հաղորդակցության նպատակներով։ Հընթացս զուգորդված շահով կարելի է երկարաժամկետում քաղաքական իրագործելի խնդիր համարել այս հարցը»,–ասաց նա։