Իրանում հայտնել են, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա
(last modified Sat, 31 May 2025 13:35:45 GMT )
Մայիս 31, 2025 17:05 Asia/Tehran
  • Իրանում հայտնել են, որ միջուկային ծրագրի շուրջ բանակցություններում որոշակի առաջընթաց կա

Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմեդ Իսլամին հայտնել է, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ երկրի միջուկային ծրագրին վերաբերող բանակցություններում որոշակի առաջընթաց կա։

«Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԱԵՈԻ) ղեկավարը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ միջնորդավորված բանակցությունների ընթացքում որոշակի առաջընթաց է գրանցվել, սակայն Իրանը մերժել է անիրատեսական պահանջները»,– գրում է IRNA պետական գործակալությունը:

Իսլամին վճռականորեն մերժել է Թեհրանի նկատմամբ Արևմուտքի պահանջները՝ հրաժարվել ուրանի հարստացումից՝ դրանք անվանելով գերիշխանություն պարտադրելու փորձ։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային ծրագրի շուրջ համաձայնագրի կնքմանը:

Հիշեցնենք` բանակցությունների հինգերորդ փուլն անցկացվել է միջուկային ծրագրի հարցով հնարավոր համաձայնագրի շուրջ Իրան–ԱՄՆ աճող տարաձայնությունների ֆոնին: Լարվածությունն աճեց, երբ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիտկոֆը հայտարարեց, որ Վաշինգտոնը ձգտում է հասնել Թեհրանի կողմից ուրանի հարստացման լիակատար դադարեցման:

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին ի պատասխան կասկածի տակ դրեց գործարքի կնքման հնարավորությունը` հայտարարելով, որ ԱՄՆ-ն սխալ պահանջ է ներկայացնում: Իրանի ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ պայմանավորվածություն ձեռք չի բերվի, եթե ամերիկյան կողմը շարունակի պնդել, որ Իրանը հրաժարվի ուրանի հարստացման տեխնոլոգիայից: