Արաքս գետի վրա ևս մեկ կամուրջ կառուցելու հարցով աշխատանքային խումբ կստեղծվի
https://parstoday.ir/hy/news/armenia-i217940-Արաքս_գետի_վրա_ևս_մեկ_կամուրջ_կառուցելու_հարցով_աշխատանքային_խումբ_կստեղծվի
Հայաստանի և Իրանի միջև` Արաքս գետի վրա, 2-րդ կամուրջ կառուցելու հարցով աշխատանքային խումբ կստեղծվի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 14, 2024 14:02 Asia/Tehran
  • Արաքս գետի վրա ևս մեկ կամուրջ կառուցելու հարցով աշխատանքային խումբ կստեղծվի

Հայաստանի և Իրանի միջև` Արաքս գետի վրա, 2-րդ կամուրջ կառուցելու հարցով աշխատանքային խումբ կստեղծվի։

Ինչպես հայտնում է  ՀՀ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը, կամրջի կառուցման թեման քննարկվել է Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարության պաշտոնյաների հետ։

Քննարկմանը մասնակցել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Գոռ Ավետիսյանը, փոխտնօրեն Կարեն Բադալյանը‚ հիմնադրամի այլ ներկայացուցիչներ։

«Հաշվի առնելով ՀՀ-ԻԻՀ սահմանը հատող մեքենաների թվի աճը, ինչպես նաև Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման և արդիականացման արդյունքում ուղևորափոխադրումների ու բեռնափոխադրումների կանխատեսվող աճի արագ տեմպերը՝ առաջացել է Հայաստանի և Իրանի միջև երկրորդ կամրջի կառուցման անհրաժեշտություն։ Հայաստանի և Իրանի ներկայացուցիչները հանդիպման ընթացքում քննարկել են կամրջի կառուցման ծրագիրը մշակելու նպատակով աշխատանքային խումբ ստեղծելու հարցը։»,– ասված է հաղորդագրությունում։

Հայկական կողմն ուղարկել է հայ մասնագետների առաջարկվող ցանկը՝ աշխատանքային խմբում ներգրավելու համար։

Ստեղծվելիք աշխատանքային խումբը կքննարկի և կմշակի կամրջի կառուցման կոնցեպտը։

Նշենք, որ Հայաստանի և Իրանի միջև գործող կամուրջը կառուցվել է 1995 թվականին։