Կիրանցի սկզբնամասում լարված վիճակ է. ոստիկանների և պատգամավորների միջև ընդհարում եղավ
https://parstoday.ir/hy/news/armenia-i218180-Կիրանցի_սկզբնամասում_լարված_վիճակ_է._ոստիկանների_և_պատգամավորների_միջև_ընդհարում_եղավ
ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մատույցներում լարված իրավիճակ է. պատգամավորների և պատնեշ կազմած ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 20, 2024 10:22 Asia/Tehran
  • Կիրանցի սկզբնամասում լարված վիճակ է. ոստիկանների և պատգամավորների միջև ընդհարում եղավ

ՀՀ Տավուշի մարզի Կիրանց գյուղի մատույցներում լարված իրավիճակ է. պատգամավորների և պատնեշ կազմած ոստիկանների միջև ընդհարում տեղի ունեցավ։

Նշենք, որ բազմաթիվ ոստիկանական ուժեր են տեղակայված գյուղի սկբնամասում, նրանք շղթա են կազմել և թույլ չեն տալիս թե՛ քաղաքացիներին, թե՛ պատգամավորներին մուտք գործել Կիրանց։ Նրանք պարբերաբար ընդգծում են, թե ԱԱԾ սահմանապահ զորքերը գործողություններ են իրականացնում։

Այլընտրանքային ճանապարհով Կիրանց գյուղ հասած մի քանի պատգամավորներ` Գեղամ Մանուկյանը, Ագնեսա Խամոյանը, Գառնիկ Դանիելյանը եկան «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներին և առաջնորդներին ընդառաջ։ Նշեցին` իմանալուն պես, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանի մուտքն արգելվել է, իրենք են իջել գյուղի սկզբնամաս` սրբազանի ծնունդը շնորհավորելու։

«Էս դուք ծանոթո՞վ եք անցել էն կողմ»,– դիմելով Դանիելյանին` ասաց Բագրատ արքեպսիկոպոս Գալստանյանը և անցնելով ոստիկանների պատնեշը` անցավ հակառակ կողմ։

Նշենք, սակայն, որ մինչև գյուղ մտնելը, մեծաթիվ կարմիրբերետավորներ նույնպես կանգնած են և նրանք էլ արգելում են մուտքը դեպի Կիրանց։

Այս փոքր զրույցից հետո ընդդիմադիր պատգամավորներ Արթուր Սարգսյանի, Ասպրամ Կրպեյանի, Արման Ղազարյանի և ոստիկանների միջև վիճաբանություն տեղի ունեցավ։

«Ինձ մի պաշտպանի, հողդ պաշտպանի։ Ի՞նչ ես գրելու պատմությանդ մեջ, էրեխուդ ի՞նչ ես թողնելու»,– դիմելով ոստիկաններին` ասաց Ղազարյանը։

Թեթևակի հրմշտոցից հետո 3 պատգամավորը նույնպես կարողացան անցնել ոստիկանների առաջին պատնեշը։

Տավուշի թեմի առաջնորդը և ԱԺ ընդդիմադիր պատգամավորները սկսեցին բանակցել Տավուշի ոստիկանապետ Արթուր Մկրտչյանի հետ, որպեսզի թույլ տան մուտք գործել Կիրանց։

Նշենք նաև, որ լրագրողներին նույնպես թույլ չեն տալիս գնալ Բագրատ սրբազանի մոտ և հավուր պատշաճի լուսաբանել տեղի ունեցողը։