Սահմանների ճշգրտումը Բաքվին հետ չի պահի նոր ռազմական գործողություն սկսելու մտքից. փորձագետ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների ճշգրտումը չի կանգնեցնի Ադրբեջանին նոր ռազմական գործողությունների պլան ունենալու դեպքում։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց անվտանգային հարցերի փորձագետ Դավիթ Հարությունովը։
Նշենք, որ ավելի վաղ ՀՀ ԱԱԾ–ն հայտնել էր, որ այսօրվանից ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնում են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր բնակավայրի 1,9 կմ, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի 4,9 կմ հատվածների պահպանությունը։
Փորձագետը հիշեցնում է, որ այդ ուղղությամբ սահմանապահ ուժերի տեղակայման մասին Ադրբեջանը հայտարարել էր դեռևս 2018 թվականին:
«Այստեղ մենք չգիտենք, թե իրականում ինչ ուժերի մասին է խոսքը, քանի որ սահմանային ուժերը կարող են բավականին տարբեր լինել։ Կարող է լինել մի տարբերակ, որտեղ նրանք առանձնապես չեն տարբերվում կանոնավոր բանակից։ Եվ ես կարծում եմ, որ այդպես էլ եղել է, քանի որ 2018 - ի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ հակամարտությունը գտնվում էր սուր վիճակում, և հաճախ էին միջադեպեր տեղի ունենում»-ասաց Հարությունովը։
Արդյոք սահմանազատման գործընթացից հետո կփոխվի՞ այդ զորքերի տեղակայումը, ներկայացվածությունն ու հնարավորությունները` փորձագետը դժվարանում է ասել։
Հայաստանի իշխանությունները հայտարարում են, որ Տավուշում լեգիտիմ սահմանի առկայությունը կարող է հանդիսանալ անվտանգության երաշխիք։ Սակայն, ըստ Հարությունովի, դա իշխանության խոսույթի ամենաթույլ տեղն է։