Մայիս 29, 2024 18:31 Asia/Tehran
  • ՀՀ ինքնիշխանության համար մի քանի երկրներից եկող սպառնալիքներ կան․ Քրիստինե Գրիգորյան

ՀՀ ինքնիշխանության, սուվերենության համար կան բազմաթիվ սպառնալիքներ, որոնք գալիս են մի քանի երկրներից։ Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտաքին հետախուզության պետ Քրիստինե Գրիգորյանը։

Թե որ երկրների մասին է խոսքը, Գրիգորյանը հրաժարվեց մեկնաբանել։

Նրա խոսքով՝ այդ վտանգները չեզոքացնելու համար ՀՀ անվտանգության ոլորտում կատարվում են բարեփոխումներ։

«Մեր գործունեության առաջնահերթություններով որոշվել են այն արտաքին վտանգների ուղղությունները, ինչպես նաև պետության զարգացման համար այն կարևոր հեռախուզական տեղեկությունները, որը ծառայությունը պետք է հավաքի, և դրանք ուղղված են հանրապետության արտաքին վտանգները, որոնք գալիս են տարբեր երկրներից և գալիս են տարբեր երևույթներից»,- նշեց Գրիգորյանը։

Ըստ նրա՝ հետախուզական տեղեկություններն ու վերլուծությունները միտված են ապահովելու, որ քաղաքականության և քաղաքական որոշումները կայացվեն ծանրակշիռ տվյալների հիման վրա։

Գրիգորյանը հավելեց, որ բոլոր երկրներում արտաքին անվտանգային մարտահրավերներն ունեն թե՛ ներքին, թե՛ արտաքին դերակատարներ, և Հայաստանը բացառություն չէ։ Իսկ թե ինչու մինչ այսօր ՀՀ իրավապահ համակարգը «ներքին դերակատարների» վերաբերյալ որևէ բացահայտում չի արել, Գրիգորյանի խոսքով՝ բացահայտումներ լինում են։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք Ադրբեջանից հարձակման վտանգ կա՞, Գրիգորյանի խոսքով՝ միշտ կա, քանի դեռ հարաբերությունները չեն նորմալացել։

«Վտանգներին պետք է լուրջ վերաբերվել, բայց և չպետք է դրանք գերագնահատել և որոշակի հետևությունների գալ։ Մենք պատշաճ կերպով օրական կտրվածքով գնահատում ենք այդ ռիսկերն ու տեղեկացնում վարչապետին»,- ասաց նա։

Հիշեցնենք` արտաքին հետախուզության ծառայությունը ստեղծվեց 2022 թվականի վերջին։ Քրիստինե Գրիգորյանը մինչ այդ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանն էր։

 

Պիտակ