Մայիս 30, 2024 11:39 Asia/Tehran
  • «Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը դատապարտում է Ալիևի՝ ԼՂ միակողմանի բնակեցման շրջանակներում արած հայտարարությունը

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Լեռնային Ղարաբաղի միակողմանի բնակեցման ապօրինի քաղաքականության իրացման շրջանակներում արած հերթական անհավասարակշիռ հայտարարությունը, որով նա մեղադրում է Հայաստանին ինչ-որ պատերազմական հանցանքների մեջ՝ պահանջելով ընդունել դրանք և անգամ ներողություն խնդրել։

Հայտարարության մեջ նաև նշված է. «Զավեշտալի է, որ նման պահանջ է ներկայացնում մի նախագահ, որի ղեկավարած պետությունն ու առաջնորդած ժողովուրդը վերջին հարյուրամյակի ընթացքում իրականացրել է հետևյալ ցեղասպանական գործողությունները․

Թաթար-հայկական բախումների ժամանակ խաղաղ քաղաքացիական հայ բնակչության կոտորած և թալան երկու տարի շարունակ։

---1918 թ գարնանը Շամխորի կայարանի շրջանում, Բաքու-Թիֆլիս երկաթուղու երկայնքով տեղակայված կայարաններում, մերձակա շրջանների հայկական բնակավայրերի ջարդ, կողոպուտ, թալան, առևանգումներ։

---Նուխիի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ՝ 1918-1919 թթ։

---Արեշի շրջանի հայության բռնի տեղահանում, կոտորած, կողոպուտ՝ 1918-1919 թթ։

---Բաքվի հայության թիրախային կոտորած՝ 1918 թ սեպտեմբերի 15-17։

---Բաքվում մնացած կամ վերադարձած հայության կյանքի հետ անհամատեղելի պայմանների միտումնավոր հարուցում՝ 1918 թ սեպտեմբեր-նոյեմբեր։

---Նախիջևանի հայության բռնի տեղահանում՝ 1918-1919 թթ։

---Գարդմանի հայության տեղահանում, կոտորած, թալան՝ 1918-1920 թթ։

--Շուշիի հայության կոտորած՝ 1920 թ մարտի 22-26։

---Լեռնային Ղարաբաղի հայության նկատմամբ շարունակական բռնություններ՝ 1918-1920 թթ:

---Սումգայիթի կոտորած՝ 1988 թ։

--Գանձակի ջարդեր և տեղահանումներ՝ 1988 թ։

---Բաքվի կոտորած՝ 1990 թ։

---Հյուսիսային Արցախի էթնիկ զտում՝ 1991 թ։

---Մարաղայի կոտորած՝ 1992 թ։

---Գուրգեն Մարգարյանի կացնահարում՝ 2004 թ։

---Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացում։

---Գարդմանի հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացում։

---Շիրվանի, մասնավորապես՝ Բաքվի հայկական հետքի իսպառ ոչնչացում։

---Քառօրյա պատերազմի սանձազերծում 2016 թ.։

---44-օրյա պատերազմի սանձազերծում 2020 թ։

---Ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներից բնակչության բռնի տեղահանում։

---Լաչինի միջանցքի շրջափակում և հումանիտար աղետի ստեղծում՝ 2023 թ դեկտեմբերի 12։

---Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմի սանձազերծում՝ 2023 թ սեպտեմբերի 19-20։

---Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտում՝ 2023 թ սեպտեմբեր։

--Լեռնային Ղարաբաղի հայկական ազգային-կրոնական մշակութային միջավայրի ոչնչացում։

Սա ամենահամեստ թվարկումն է միայն այն բոլոր հանցանքների, որ ադրբեջանական տարբեր վարչակարգերը վերջին հարյուրամյակում իրականացրել են հայկական բնակավայրերի և առհասարակ հայ տարրի նկատմամբ։ Անզեն աչքով անգամ տեսանելի է այն հսկայական հակահայկական քաղաքականությունը, որով առաջնորդվել են Ադրբեջանի ապագայի ճարտարապետները։ Դա ցեղասպանությունների, բռնի տեղահանումների, մարդու իրավունքների համակարգային ոտնահարումների և քաղաքական վանդալիզմի համակարգային քաղաքականություն է, որը վերածվել է մարդկության դեմ հանացանքների հավաքական օրինակի։

«Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միությունը խստորեն դատապարտում է Ադրբեջանի նախագահի քստմնելի ելույթները։ Լավագույն օրինական քայլը, որ կարող էր կատարել Ադրբեջանի նախագահը, հայտարարելն էր, որ իր առաջնորդած պետությունը պատրաստ է կանգնել մարդկության դեմ գործած հանցանքների համար միջազգային դատարանի առաջ և ամենայն պատասխանատվությամբ կրել այդ հանցանքների հետևանքները»։

 

Պիտակ