Մայիս 24, 2024 20:12 Asia/Tehran
  • Արցախյան 200 ՀԿ և անհատներ դիմել են ԵԱՀԿ գործող նախագահին. նրանք 3 հարց են տվել

Արցախյան ավելի քան 200 հասարակական կազմակերպություն, համայնքների ղեկավարներ և անհատներ նամակ են փոխանցել Երևանում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի ԱԳ նախարար պարոն Յան Բորգին:

Նրանք բաց հայտարարությամբ պահանջում են պատասխանել Բաքու կատարած իր այցից հետո ծագած հարցերին։

Արցախյան հանրությունը նամակով հիշեցրել է ԵԱՀԿ-ի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրների պաշտոնական ներկայացուցիչների հայտարարությունները, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը հիմնված է 3 սկզբունքի վրա՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականության հարգում, պետությունների և ժողովուրդների ինքնորոշում։ Նրանք ընդգծել են, որ այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակավ ծաղրում է բոլոր նրանց, ովքեր նման հայտարարություններ են անում և պահանջում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում և հարակից ինստիտուտների վերացում։

Արցախի հանրությունը այս կապակցությամբ 3 հարց է ուղղել Բորգին։

1.---Նրանք խնդրում են պատասխանել արդյոք 2020 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի հարձակումը, դրան հաջորդած շրջափակումը և իր պատմական հայրենիքից բռնի ուժով հայերի տեղահանումը վեճերի խաղաղ կարգավորման և ուժի չկիրառման սկզբունքների խախտո՞ւմ է: Եթե այո, ապա ինչ միջազգային հետևանքներ պետք է առաջանային Ադրբեջանի համար ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների խախտման հետևանքով:

2.--Թուրքիայի մասնակցությունը Լեռնային Ղարաբաղի վրա հարձակման կազմակերպմանն ու իրականացմանը` Ադրբեջանին ռազմական խորհրդականներ տրամադրելու, թուրքական ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումների և Ադրբեջանում տեղակայված Ֆ-16 կործանիչների մարտական օգտագործման, սիրիացի վարձկանների վարձելու և տեղափոխելու միջոցով, ուժի չկիրառման սկզբունքի խախտո՞ւմ է: Եթե այո, ապա ի՞նչ միջազգային հետևանքներ էին սպասվում Թուրքիայի համար ԵԱՀԿ-ի և ՄԱԿ-ի առջև ստանձնած պարտավորությունների խախտման արդյունքում։

3.--Արդյոք Ադրբեջանը կարող է այսօր սպառնալ Հայաստանին ռազմական ուժի կիրառմամբ և հարձակմամբ, եթե Երևանը չհրաժարվի աջակցել Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքից և Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման քաղաքականությանը: Արդյոք նման պայմաններում Հայաստանի և Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագիրը վավերական կլինի՞։

Նրանք ընդգծել են, որ միջազգային հանրության սկզբունքային դիրքորոշումը կարևոր է ոչ միայն Լեռնային Ղարաբաղի հայության, այլև ողջ տարածաշրջանի ապագայի համար։

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահ Յան Բորգը Երևան է ժամանել մայիսի 13-ին։ Երևանից հետո նա գնացել է Բաքու։

 

Պիտակ