Օգոստոս 05, 2024 18:11 Asia/Tehran
  • Թեհրանը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին ռազմական աջակցություն ցուցաբերել. իրանցի քաղաքագետ

Իրանի և թուրք-ադրբեջանական տանդեմի մրցակցությունը տեղի է ունենում նաև Հարավային Կովկասում։ Խոսքն այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Բաքվի և Անկարայի պնդումների մասին է։ Իրանը դա անընդունելի է համարում։ Դրա մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է իրանցի քաղաքագետ Պույա Հոսեյնին։

Նա նշել է, որ Թուրքիան փորձում է ուժեղացնել իր ազդեցությունը, իսկ Իրանը փորձում է լրացնել Հարավային Կովկասում Ռուսաստանի դիրքերի թուլացման արդյունքում առաջացած վակուումը։

«Թեհրանը փորձում է լուծել անվտանգության խնդիրները տարածաշրջանում և թույլ չտալ, որ Թուրքիան ամրապնդի իր դիրքերը»,- հավելել է փորձագետը։

Հոսեյնին նշել է, որ Ադրբեջանը մի քանի տարի է, ինչ զենք է գնում Իսրայելից, և Իրանը դա տեսնում է։

«Սա ուղղված է Իրանի դեմ, և եթե լայնամասշտաբ պատերազմ լինի, հակաիրանական օջախներից մեկը կարող է դառնալ Ադրբեջանը։ Նման դեպքում Ադրբեջանը ևս Իրանի համար օրինական թիրախը կդառնա։ Իրանից այս ազդանշաններն ուղղված են Թուրքիայի և Իսրայելի լուրջ ազդեցության տակ գտնվող Ադրբեջանին։

Սակայն Ադրբեջանի նախագահ Ալիևը խաղաղություն չի ցանկանում և լարվածություն է ստեղծում տարածաշրջանում։ Հայաստանն իր հերթին հայտարարեց, որ արտատարածքային ճանապարհ չի կարող պատկերացնել։ Իրանի համար ևս անընդունելի է, եթե Հայաստանի ճանապարհները վերահսկեն երրորդ երկրները։ Երբ Իրանը խոսում է երրորդ երկրների կողմից Հայաստանով անցնող ճանապարհների վերահսկման անընդունելիության մասին, դա վերաբերում է նաև Ռուսաստանին և Արևմուտքին»,- հավելել է իրանցի քաղաքագետը։

Նա համոզմունք է հայտնել, որ թուրք-ադրբեջանական տանդեմը Հայաստանի տարածքի դեմ գործողությունների դիմելու առիթի է սպասում, ինչի պատճառով Իրանը սեղանին է պահում բոլոր սցենարները։

«Իրանն ամեն անգամ արձագանքում է Հայաստանի սահմանների մոտ զորքերի կուտակմանը, վարժանքներ է անցկացնում, ազդանշաններ է ուղարկում և նախազգուշացումներ անում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Հայաստանում Իրանի դեսպանը, պատերազմի դեպքում Իրանը կդիմադրի, քանի որ այս հարցն առնչվում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության անվտանգությանը»,- ընդգծել է փորձագետը։

Նա նշել է, որ Իրանը պատրաստակամություն է հայտնել աջակցություն, ներառյալ՝ ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին, սակայն պաշտոնական Երևանից պատասխան դեռ չի ստացվել։

«Ըստ իս, երրորդ կողմերը լուրջ ազդեցություն են գործում՝թույլ չտալու համար, որ Հայաստանն անվտանգության ոլորտում համագործակցի Իրանի հետ։ Երրորդ կողմերը այս դեպքում կարող են լինել արևմտյան երկրները։ Միգուցե Ռուսաստանի դիրքերի թուլացումից հետո ցանկություն առաջանա թուլացնելու միաժամանակ Իրանի դիրքերը։ Սա կամրապնդի Թուրքիայի դիրքերը տարածաշրջանում, ինչը վնասում է Հայաստանի շահերին։ Հաշվի առնելով այդ ամենը՝ Իրանը և Հայաստանը կարող են և պետք է տարածաշրջանում վերականգնեն հավասարակշռությունը»,- եզրափակել է Հոսեյնին։