ԱՄՆ–ն նախ պետք է Թուրքիային պարտադրի հարգել միջազգային կոնվենցիաները. Մանասերյան
Հայաստանից կոմունիկացիաների ապաշրջափակում ակնկալելուց առաջ ԱՄՆ–ն նախ պետք է Թուրքիային պարտադրի հարգել միջազգային կոնվենցիաներն ու դեպի ծով ելք չունեցող Հայաստանին անվճար ճանապարհ տրամադրի դեպի Սև ծով։
Այս մասին ասել է «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը` մեկնաբանելով թեմայի շուրջ վերջին շրջանում ԱՄՆ տարբեր պաշտոնյաների հնչեցրած հայտարարությունները։
Հիշեցնենք, որ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ'Բրայենը չէր թաքցրել, որ հունիիսի վերջին Բաքու այցելելու իր բուն նպատակը Ռուսաստանը շրջանցող տրանսպորտային միջանցքի հարցում Բաքվի աջակցությունը ստանալն է։ Նրա խոսքով` խաղաղությունը տարածաշրջանում թույլ կտա Կենտրոնական Ասիայից էժան ապրանքներ մատակարարել Ադրբեջանի, ապա Վրաստանի և Հայաստանի տարածքով դեպի համաշխարհային շուկաներ:
«Ես կուզեի, որ ամերիկացի դիվանագետները, պետական գործիչները անպայման սա իրենց զինանոցում ունենան։ Ես գիտեմ, որ ԱՄՆ–ի հարաբերությունները Թուրքիայի հետ այնքան էլ հարթ չեն, ուրեմն թող կարողանան այդ հարցում այս միջազգային փաստաթղթերը վկայակոչել»,– նշել է տնտեսագետը։
Ընդ որում, ամերիկացի պաշտոնյան չէր հստակեցրել ԱՄՆ–ի կողմից ակնկալվող ճանապարհի կարգավիճակը։ Փոխարենն Իրանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ Սյունիքով անցնող ցանկացած կոմունիկացիա պետք է լինի ՀՀ ինքնիշխան վերահսկողության ներքո, և որ սահմանի որևէ փոփոխություն Իրանը չի ընդունի։
Մինչդեռ Ադրբեջանն ու Թուրքիան շարունակում են պնդել «Զանգեզուրի միջանցքի» իրենց գաղափարը` ի հակադրություն ՀՀ–ի և Իրանի շահերի։
«Ես առիթ ունեցել եմ և՛ ԱՄՆ–ում, և՛ Եվրոպայում բավական բարձր մակարդակի ֆորումներում հանդիմանել արևմտյան գործիչներին, որ չտրվեն գայթակղությանն ու չօգտագործեն «Զանգեզուրի միջանցք» արտահայտությունը։ Ընդհանրապես, միջանցքը մարդասիրական տերմին է, բայց այստեղ որևէ մարդասիրական խնդիր դրված չէ, զուտ կոմերցիոն, մասնավոր շահեր են հետապնդվում։ Եվ, եթե այդ ճնշմանը միանում են ժողովրդավար պետությունները, ինձ մոտ կասկած է առաջանում` ի՞նչ հետին մտքեր ու օրակարգեր ունեն»,– արձանագրում է Մանասերյանը։
Ինչ վերաբերում է Հայաստանին, տնտեսագետի համոզմամբ` ՀՀ իշխանությունների կողմից օրակարգ բերված «Խաղաղության խաչմերուկը» շատ լավ խաղաքարտ է մեր երկրի համար` կոմունիկացիաների ապաշրջապակման սեփական տարբերակն ու շահերը շահագրգիռ կողմերին ներկայացնելու ու առաջ մղելու համար։ Այլ հարց է, որ իշխանությունն այս ուղղությամբ ոչ մի գործնական քայլ չի ձեռնարկում, դիտորդի կարգավիճակով հետևում է, թե մեր փոխարեն որ երկրներն ինչ կորոշեն։