Հայաստան–Թուրքիա հարաբերությունները նոր փուլ են մտնում. ՀՀ նախագահ
(last modified Sun, 13 Oct 2024 11:31:05 GMT )
Հոկտեմբեր 13, 2024 15:01 Asia/Tehran
  • Հայաստան–Թուրքիա հարաբերությունները նոր փուլ են մտնում. ՀՀ նախագահ

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու կողմերն էլ ունեն այն ընկալումը, որ երկրների հարաբերությունների համար նոր փուլ է հասունանում, որը ժամանակային առումով հեռու չէ։ Այս մասին ասել է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը` անդրադառնալով Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին։

«Ես  Աշխաբադում հանդիպեցի Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Նուման Քուրթուլմուշի հետ: Տեղի ունեցավ շատ կարճ շփում, բայց նորից նույն խոսակցությունն էր․ խաղաղ ապրելու, սահմանները բացելու և դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մասին էր խոսքը»,– մանրամասնել է ՀՀ նախագահը՝ կարևորելով այն, որ տարբեր մակարդակներում կողմերի միջև խոսակցության թեման նույնն է, և այդ առումով երկու կողմերից էլ իշխանության տարբեր թևերի միջև տարակարծություններ չկան:

Ըստ Խաչատուրյանի` երկու կողմերն էլ առիթը բաց չեն թողնում հանդիպումներ ունենալու, շփվելու ու կարգավորման շուրջ հարցերը քննարկելու համար:

«Սա խոսում է այն մասին, որ Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորումը տեսանելի ապագայում կարող է իրականություն դառնալ. դա վերաբերում է և′ սահմանների բացմանը, և′ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը»,– ասել է Խաչատուրյանը՝ հիշեցնելով, որ այժմ օրակարգում դրված է շատ ավելի կարճ ժամանակում իրականանալի խնդիր՝ կապված երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար հայ–թուրքական սահմանը բացելու հետ։

Հիշեցնենք` Երևանն ու Անկարան 2021 թվականի դեկտեմբերին հայտարարեցին, որ պատրաստ են հարաբերությունների կարգավորման հստակ քայլեր ձեռնարկել, և երկուստեք հատուկ ներկայացուցիչներ նշանակեցին. Անկարան՝ Վաշինգտոնում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին, իսկ Հայաստանը՝ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանին։