Հայկական արբանյակով միլիոննե՞ր են ուղարկել տիեզերք. նախարարը` ձախողման լուրերի մասին
«Արմսաթ-1» արբանյակը հենց այս պահին աշխատում է, և դրան ապացույց կա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը` մեկնաբանելով նախագծի ձախողման մասին տեղեկությունները։
Հոկտեմբերին «Հրապարակ» օրաթերթը հայտնել էր, որ Հայրապետյանը «Քաղաքացիական պայմանագրի» նախաձեռնող խմբի նիստի ժամանակ հայտարարել է արբանյակի նախագծի լիակատար ձախողման մասին, որի վրա ծախսվել է առնվազն 8 մլն դոլար։ Թերթը, հղում անելով պաշտոնյային, նշել էր, որ արբանյակը կընկնի 2 ամսից, իսկ իշխանությունները 50 մլն դոլար արժողությամբ նոր ծրագիր են պատրաստում։ ԶԼՄ–ներում տեղեկություններ են հայտնվել նաև, որ արբանյակի թեմայի հետ կապված քրեական գործ է հարուցվել։
««Արմսաթ-1» արբանյակի վերաբերյալ որևէ աղմկահարույց տեղեկության ես չեմ տիրապետում։ Մամուլից եմ լսել միլիոնների մասին, ծիծաղ է առաջացնում։ Ես քրեական գործ հարուցելու մասին էլ որևէ տեղեկություն չունեմ»,– ասաց նախարարը։
Նշենք, որ արդեն շուրջ 1,5 տարի է ինչ նախարարությունը խոստանում է հրապարակել նկարները, բայց չի տրամադրում դրանք, իսկ այսօր Հայրապետյանը նշեց, որ երբ հանրությունը ճիշտ համարի, մի քանի լուսանկար կհրապարակվի։ ԲՏԱ նախարարի խոսքով` արբանյակն այժմ գործում է ու հիմա մոտավորաես 490-500 կմ բարձրության վրա է, նկարներ է անում, ինքն էլ անձամբ երեկ տեսել է արված լուսանկարները։
«Արբանյակը տեսալուսանկարահանող է, սա ապագայի մեջ ներդրում է։ Այսօրվանից մեր մասնագիտական թիմերն ամբողջությամբ ստանձնել են «Արմսաթ-1»–ի կառավարումը։ Արբանյակը տիեզերական լուսանկարներ է անում, կոնկրետ լուծաչափերով, դրանք, բնականաբար, չեն կարող լինել աշխարհի տարատեսակ միլիարդավոր դոլարների արժեք ունեցող լուսանկարահանող սարքերի որակին, բայց մենք նման խնդիր չենք դրել։ Ներկայացնել, որ 8մլն դոլար գումար է մսխվել, մեղմ ասած, լրջագույն մանիպուլյացիաներ են»,– ընդգծեց Հայրապետյանը։
Հետագայում, ըստ նրա, հնարավոր կլինի մտածել ավելի ցածր ուղեծրում գտնվող արբանյակի, գեոստացիոնար կապի արբանյակների մասին և ներդրումներ կատարել այդ ոլորտում` երկրի անվտանգությունն ապահովելու համար:
Հիշեցնենք, որ 2024 թվականի մարտին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը հետաձգեց հայկական «Արմսաթ- 1» արբանյակով արված տիեզերանկարների հրապարակումը մինչև կառավարման կենտրոնի և ընդունիչ կայանի պաշտոնական բացումը։
Նշենք, որ 2023 թվականի ապրիլից նախարարությունում հայտարարում են, որ կադրերը մոտ ապագայում կհրապարակվեն։
Sputnik.