ԻԻՀ -ում ՀՀ -թյան Դեսպան Արսեն Ավագյանի հրաժեշտի ուղերձը
https://parstoday.ir/hy/news/armenia-i225514-ԻԻՀ_ում_ՀՀ_թյան_Դեսպան_Արսեն_Ավագյանի_հրաժեշտի_ուղերձը
Ավարտելով դիվանագիտական առաքելությունս որպես Հայաստանի Հանրապետության դեսպան Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ երախտագիտությամբ ու բազում հուշերով լքում եմ բարեկամ և եղբայրական Իրանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2024 14:20 Asia/Tehran
  •   ԻԻՀ -ում ՀՀ -թյան Դեսպան Արսեն Ավագյանի հրաժեշտի ուղերձը

Ավարտելով դիվանագիտական առաքելությունս որպես Հայաստանի Հանրապետության դեսպան Իրանի Իսլամական Հանրապետությունում՝ երախտագիտությամբ ու բազում հուշերով լքում եմ բարեկամ և եղբայրական Իրանը:

Անցնող երեք տարիները Հայաստանի Հանրապետության և Հայաստան-Իրան հարաբերությունների համար նշանավորվեցին նորանոր մարտահրավերներով ու փորձություններով, կապերի խորացմամբ ու փոխգործակցության ակտիվացմամբ: Այս ժամանակահատվածում ինչպես իմ, այնպես էլ դեսպանության ողջ անձնակազմի ամենօրյա ուշադրության առանցքում է եղել Հայաստան-Իրան բարիդրացիական հարաբերություններն առավել զարգացնելու ռազմավարական տեսլականը:

Այս բարդ ճանապարհին ցանկանում եմ երախտագիտությանս խոսքերը հղել մեր իրանահայ համայնքին, որը յուրահատուկ հասարակական ու մշակութային կամուրջ է Հայաստանի և Իրանի միջև: Անկեղծ երախտագիտությունս եմ հղում նաև Իրանում գործող Հայաստանյայց Առաքելական եկեղեցու երեք թեմերին: Այս տարիների ընթացքում մեզ հաջողվել է պահպանել դեսպանության և իրանահայ համայնքի միջև ավանդաբար գործող սերտ շփումները: Դեսպանությունը մշտապես զգացել է մեր իրանահայ քույրերի ու եղբայրների աջակցությունն ու սրտացավությունը:

Նորանոր հաջողություններ և աշխատանքային ձեռքբերումներ եմ մաղթում Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան, պարոն Գրիգոր Հակոբյանին: Վստահ եմ, որ նրա աշխատանքի շնորհիվ մեր երկկողմ հարաբերությունները նվաճելու են նոր ու տեսանելի հորիզոններ:

Կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը,

կեցցե՛ն Հայաստան-Իրան եղբայրական հարաբերությունները: