Արարատ Միրզոյանը մեկնաբանեց Լավրովի հայտարարությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի կնքման վերաբերյալ արտահայտում է ՌԴ տեսլականը: Այս մասին ՀՀ ԱԺ-ում հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանելով պատգամավոր Լիլիթ Մինասյանի այն հարցին, թե ինչպես կմեկնաբանի այն, որ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր, որ պետք չէ շտապել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելու հարցում:
«Ամեն երկրի արտաքին գործերի նախարար մեկնաբանություն է անում՝ ելնելով իր երկրի տեսլականից, շահերից եւ իր պատկերացումներից: Ըստ ամենայնի, իմ ռուսաստանցի գործընկերը ներկայացրել է Ռուսաստանի Դաշնության տեսլականը, ես կարող եմ ներկայացնել ՀՀ տեսլականը, որը այս դեպքում տրամագծորեն տարբերվում է ձեր նշած տեսլականից, մենք շահագրգռված ենք Ադրբեջանի հետ շուտափույթ եւ համակողմանի խաղաղութան կնքմամբ՝ բոլոր ուղղություններով՝ դա կլինի հարաբերությունների կարգավորում, դա կլինի սահմանազատում, դա կլինի երկաթուղու եւ մյուս ենթակառուցվածքների ապաշրջափակում մեզ հայտնի սկզբունքներով , դա կլինի խաղաղության պայմանագիր»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել էր. «Հաշվի առնելով երկու կողմերի երկարամյա թշնամությունը, ռազմական գործողությունները եւ զոհերը, մենք հասկանում ենք, թե որքան դժվար է Բաքվի եւ Երեւանի համար առաջընթացի հասնել: Ուստի, ի տարբերություն արեւմտյան կեղծ միջնորդների մենք մեր գործընկերներին չենք դրդում հապճեպ խաղաղության պայմանագիր կնքել: Վաղաժամ խաղաղությունը առանց Բաքվի եւ Երեւանի դիրքորոշումների, ինչպես նաեւ տեղում իրականության համապարփակ դիտարկման ոչ մի լավ բանի չի հանգեցնի, ընդհակառակը դա կստեղծի լարվածության եւ հակամարտության պոտնեցիալ էսկալացիայի պոտենցիալ ռիսկեր»:
news.am