Չեմ համարձակվի ասել, որ հանրային կոնսենսուս կա. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին
https://parstoday.ir/hy/news/armenia-i226036-Չեմ_համարձակվի_ասել_որ_հանրային_կոնսենսուս_կա._Փաշինյանը_ԵՄ_ին_անդամակցելու_մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում պնդել, թե Հայաստանի` ԵՄ–ին անդամակցելու հարցում հանրային կոնսենսուս կա։ Նա այդ մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։
(last modified 2026-05-06T14:25:38+00:00 )
Նոյեմբեր 23, 2024 14:13 Asia/Tehran
  • Չեմ համարձակվի ասել, որ հանրային կոնսենսուս կա. Փաշինյանը՝ ԵՄ-ին անդամակցելու մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի համարձակվում պնդել, թե Հայաստանի` ԵՄ–ին անդամակցելու հարցում հանրային կոնսենսուս կա։ Նա այդ մասին ասաց Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Եվրոպական խորհրդարանի իր ելույթի լեյտմոտիվը հետևյալն էր` ՀՀ Եվրոպային կլինի այնքան մոտ, որքան Եվրոպան մոտ կթողնի։

«Իմ այդ ելույթը սոցիալական ցանցերում երբևէ ամենամեծ տարածում և արձագանք գտած ելույթն է։ Չեմ համարձակվի ասել, որ հանրային կոնսենսուս կա,որովհետև նման բան ասելու համար պետք է վիճակագրություն լինի, բայց ակնհայտ է, որ շատ լայն հանրային ըմբռնում կա և ստացվում է, որ ես եմ այդ օրակարգն առաջարկել ՀՀ–ին և ԵՄ–ին»,–ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով` հանրային արձագանքն այնքան համաձայնության տրամաբանության մեջ էր, որ ինքը վստահ էր` 50 հազար ստորագրություն կհավաքվի։

«Այժմ էլ շատ մեծ զգացում ունեմ, որ 300 հազար էլ կհավաքվի»,–ասաց նա։

Փաշինյանը նաև ընդգծեց, տրամաբանական չի համարում նախագիծը մերժելը, թեև կուսակցությունում այդ հարցը չեն քննարկել, ավելին` իր ելույթը, ըստ էության, պատասխան չի ստացել ԵՄ երկրներից։

«Մենք դա կքննարկենք, հետո ես իմ կարծիքը կհայտնեմ»,- հավելեց նա։

Երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Երևանը և Բաքուն կարող են հրաժարվել փոխադարձ հայցերից։ Այդ մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ։

ՀՀ վարչապետը պատասխանեց լրագրողի այն դիտարկմանը, որ Հռոմի ստատուտ վավերացնելու ժամանակ նշվում էր, թե միջազգային քրեական դատարանում հնարավոր կլինի քրեական հայցեր ներկայացնել Ադրբեջանի դեմ, սակայն խաղաղության պայմանագրի կնքման դեպքում սա կարող է բացառվել։ Միաժամանակ Ադրբեջանը շարունակում է հայցեր ներկայացնել ՀՀ–ի դեմ։

«Եթե ռեալ տեսնում ենք, որ հասնում ենք խաղաղության և կնքում ենք պայմանագիր, ապա կարելի է գնալ գործարքի՝ ո՛չ ՀՀ-ն միջազգային քրեական դատարանում հայց ներկայացնի Ադրբեջանի, ո՛չ էլ նա մեր երկրի դեմ՝ նախորդիվ տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ»,– ասաց Փաշինյանը։

Ինչ վերաբերում է եվրոպացի դիտորդներին հանելու Ադրբեջանի պահանջին, ապա Փաշինյանն ասաց, որ Բաքվին հանդիպակաց առաջարկ են արել։

«Մենք ասել ենք՝ շատ լավ, եկեք այդ կարգավորումը անենք սահմանազատված հատվածների նկատմամբ։ Քանի որ այն սահմանը, որ սահմանազատված է, այդտեղ դիտորդ ունենալու պատճառ օբյեկտիվորեն չկա»,- ասաց նա։