Ալիևը ստում է. Շարմազանովն արձագանքել է 300 000 ադրբեջանցու մասին հայտարարությանը
https://parstoday.ir/hy/news/armenia-i227096-Ալիևը_ստում_է._Շարմազանովն_արձագանքել_է_300_000_ադրբեջանցու_մասին_հայտարարությանը
ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի վերաբերյալ հայտարարությունները սուտ և մանիպուլյացիա է որակել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2024 14:53 Asia/Tehran
  • Ալիևը ստում է. Շարմազանովն արձագանքել է 300 000 ադրբեջանցու մասին հայտարարությանը

ՀՀ ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանի վերաբերյալ հայտարարությունները սուտ և մանիպուլյացիա է որակել։

Այսօր Ալիևը Համառուսաստանյան պետական հեռուստառադիոընկերությանը (ВГТРК) և ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է, թե անցյալ դարավերջին Հայաստանը լքած շուրջ 300 հազար ադրբեջանցիներ սպասում են Երևանի պատասխանին իրենց վերադարձի և վերաինտեգրման պայմանների վերաբերյալ։

«Ալիևը ստում է, քանի որ 1980-1990-ականներին Հայաստանում 300 000 ադրբեջանցի չի ապրել։ 1979-ի մարդահամարի տվյալներով` Սովետական Հայաստանում ապրել է 3 037 259 մարդ, որոնցից 2 724 975–ը (89.7%) հայեր էին և միայն 160 841–ը (5.2%)` ադրբեջանցիներ։ 1989-ի մարդահամարի տվյալներով` Սովետական Հայաստանի բնակչությունը կազմել է 3 304 776 մարդ, որոնցից 3 083 616–ը (93.3%) հայեր էին, միայն 84 860 (2.5%) ադրբեջանցիներ։   Սա բացահայտ մանիպուլյացիա է»,– գրել է Շարմազանովը ֆեյսբուքյան էջում։

ՀՀԿ գործադիր մարմնի անդամը նաև անդրադարձել է ՀՀ–ում գտնվող ԵՄ դիտորդների թեմային, որոնք, ըստ Ալիևի, վերածվել են ՆԱՏՕ-ի դիտորդների։

«Նա բողոքում է, որ ՆԱՏՕ-ի անդամ որոշ երկրներ զինում են Հայաստանին։  Այսինքն` ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող է զինել Ադրբեջանին, իսկ ՆԱՏՕ–ի անդամ այլ երկիր, օրինակ` եղբայրական Հունաստանը Հայաստանին՝ ոչ։ Էդ ո՞ր օրենքով։ Ալիևը նման պահանջներ ներկայացնում է, քանի որ դեմը Փաշինյանն է»,– նշել է Շարմազանովը։

arm.sputniknews