«Խաղաղության խաչմերուկ»–ը տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի. Միրզոյան
https://parstoday.ir/hy/news/armenia-i227170-Խաղաղության_խաչմերուկ_ը_տարածաշրջանային_համագործակցությունը_բազմաթիվ_ուղղություններով_խթանելու_ներուժ_ունի._Միրզոյան
«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 20, 2024 08:07 Asia/Tehran
  • https://media.parstoday.ir/image/4c6k3c8e41661b2kcis_300C169.jpg
    https://media.parstoday.ir/image/4c6k3c8e41661b2kcis_300C169.jpg

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ընդգծել է Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում դեկտեմբերի 19-ին ՀՀ նախագահության շրջանակներում տեղի ունեցած ԱԳ նախարարների խորհրդի 49-րդ հանդիպմանը: 

Միրզոյանը նշել է՝ առաջնորդվելով այն միանշանակ համոզմունքով, որ տարածաշրջանային երկխոսությունը փոխշահավետ համագործակցության հաստատման բանալին է՝ Հայաստանի կառավարությունը հանդես է եկել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությամբ:

 «Ղեկավարվելով ներառականության, տարածաշրջանային ենթակառուցվածքների արդար օգտագործման տեսլականով, ինչպես նաև բոլոր շահագրգիռ կողմերի համար բարեկեցիկ ապագա կառուցելու ձգտումով՝ այս նախագիծը նպատակ ունի զարգացնելու տարածաշրջանի երկրների միջև հաղորդակցությունը՝ հիմնվելով պետական ինքնիշխանության և տարածքային ամբողջականության լիակատար հարգաման վրա, ինչպես նաև կիրառելով իրավահավասարության ու փոխադարձության սկզբունքները»,–ասել է Միրզոյանը: 

Նա նշել է՝ Հայաստանը և Թուրքիան արդեն համաձայնել են համատեղ գնահատել Գյումրի-Կարս երկաթուղով սահմանի անցման տեխնիկական պահանջները։ 

«Միևնույն ժամանակ, Ադրբեջանին առաջարկել ենք երկաթուղային ենթակառուցվածքը վերագործարկելու, սահմանի հատման և մաքսային ընթացակարգերի պարզեցման և երկու անվտանգության որոշ լրացուցիչ մեխանիզմներ ապահովելու եղանակներ։

«Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, որը որպես խաղաղության հիմք մեծապես կարևորում է փոխվստահության ձևավորումը և փոխկապակցվածության հնարավոր ընդլայնումը, տարածաշրջանային համագործակցությունը բազմաթիվ ուղղություններով խթանելու ներուժ ունի:  Այն կարող է արդյունավետորեն կապել Ծոցը, Սև և Կասպից ծովերը` այդպիսով զգալիորեն նպաստելով համաշխարհային տրանսպորտային շղթաներին մեր տարածաշրջանի ինտեգրմանը և հսկայական օգուտ բերելով մեր տարածաշրջանի բոլոր երկրներին:  Այն արդեն արժանացել է բազմաթիվ միջազգային գործընկերների դրական արձագանքների, իսկ մենք կշարունակենք մեր ջանքերը՝ ապահովելու նախագծի իրականացմանն ուղղված հետագա աջակցությունը»,–շեշտել է Միրզոյանը:

Նախարարը հավելել է՝ բաց սահմանները, չսահմանափակված, ազատ և ներառական տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն այս կազմակերպության առանցքային նպատակներն են:

Հայաստանը հանձնառու է կառուցողական և արդյունավետ համագործակցության ՍԾՏՀԿ շրջանակներում՝ սևծովյան տարածաշրջանում և դրանից անդին խաղաղության ու կայունության օրակարգն առաջ մղելու համար:

Միրզոյանը հաջողություն է մաղթել Ադրբեջանին՝ որպես կազմակերպությունում հաջորդ նախագահող:

armenpress.am