Միաբանվենք հանուն Հայաստանի պետության անսասանության և անվտանգության. Ամենայն հայոց կաթողիկոս
https://parstoday.ir/hy/news/armenia-i227826-Միաբանվենք_հանուն_Հայաստանի_պետության_անսասանության_և_անվտանգության._Ամենայն_հայոց_կաթողիկոս
Հայ ժողովուրդը որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողի, եթե միշտ հավատարիմ մնա Քրիստոսին, նրա վարդապետությանը, ընթանա Աստծո խոսքի և աստվածային կամքի համաձայն, ձերբազատվի մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունվար 07, 2025 16:41 Asia/Tehran
  • Միաբանվենք հանուն  Հայաստանի  պետության անսասանության և անվտանգության. Ամենայն հայոց կաթողիկոս

Հայ ժողովուրդը որպես ազգ, լինի հայրենիքում, թե սփյուռքում, կհաջողի, եթե միշտ հավատարիմ մնա Քրիստոսին, նրա վարդապետությանը, ընթանա Աստծո խոսքի և աստվածային կամքի համաձայն, ձերբազատվի մոլորեցնող ու բաժանարար մարդկային նենգամտությունից։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն պատգամ է հղել Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առիթով։

«Միաբանվենք հանուն մեր պետության անսասանության և անվտանգության, Արցախից բռնի տեղահանված մեր քույրերի ու եղբայրների նկատմամբ արդարության վերականգնման, հանուն մեր ազգի ու հայրենիքի ապահով և բարօր հարատևության։  Լինենք միմյանց գործակից և ոչ՝ հակառակորդ, լինենք նախանձախնդիր ծառայելու և ոչ՝ դիրքն ու հանգամանքը չարաշահելու մեջ։  Տարագիր չդառնանք մեր երկրից, ապրենք ու արարենք մեր հարազատ բնօրրանում։ Երեխաների նոր ծնունդով, արժանավոր զավակների դաստիարակությամբ հզորացնենք մեր ազգն ու հայրենիքը։ Յուրաքանչյուրս մեր կարողության չափով ներդրում բերենք համազգային կյանքի առաջընթացին՝ ի պայծառություն մեր պետության և ի շահ մեր ժողովրդի լուսավոր գալիքի»,–նշել է կաթողիկոսը։

Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանը խռովահույզ է ներքին խնդիրներով՝ կեղծիք, անօրինականություն, չարակամություն, քինախնդրություն, արատավոր երևույթներ, որոնք հասարակության մեջ պատճառ են դառնում անվստահության, անտարբերության, թշնամանքի ու պառակտումի և հանգեցնում ազգի տկարացման։

«Սուրբ Ծննդյան խորհրդով մեզ վերստին երկնային հրավերն է ուղղվում՝ ընթանալու սիրո, հաշտության, արդարության տերունավանդ ճանապարհով։ Այս կոչը իրագործելի է միայն քրիստոնեական կենսակերպով։  Այս կոչը իրագործելի է, եթե անձնական բարեկեցությանն ու հարմարավետությանը չզոհաբերենք մեր ինքնությունը, ժողովրդի անվտանգությունն ու հայրենիքի բարօրությունը։  Չենք կարող ծառայել համընդհանուր բարիքին՝ տրվելով փառասիրությանն ու իշխանատենչությանը և առաջնայնություն տալով սեփական շահերին»,–ասել է Գարեգին Բ–ն։

Նա նաև շեշտել է, որ Աստծուց հեռանալու պատճառով է մարդկությունը հայտնվել աղետալի իրողությունների՝ պատերազմների, զոհերի ու ավերածություններ, կարիքի ու դժվարությունների առջև։ Եվ դեպի Աստված վերադառնալը դարձել է հրամայական։

arm.sputniknews