Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ. ՀՀ պաշտպանության նախարար
https://parstoday.ir/hy/news/armenia-i228138-Հայաստանն_ու_Ռուսաստանը_շարունակում_են_լինել_ռազմավարական_դաշնակիցներ._ՀՀ_պաշտպանության_նախարար
Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ: Այս մասին 2024-ի ամփոփող ասուլիսում ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2025 14:19 Asia/Tehran
  • Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ.  ՀՀ պաշտպանության նախարար

Հայաստանն ու Ռուսաստանը շարունակում են լինել ռազմավարական դաշնակիցներ: Այս մասին 2024-ի ամփոփող ասուլիսում ընդգծեց Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ անդրադառնալով Հայաստանի կատարած վճարումների դիմաց Ռուսաստանից զենքի չմատակարարմանը:

«Հայ–ռուսական հարաբերությունները շարունակվում են: Ոչ Հայաստանն է իր տեղից հեռանալու, ոչ Ռուսաստանը:  Մենք շարունակում ենք լինել ռազմավարական դաշնակիցներ: Բնականաբար, մենք ունենք նաև գործող պայմանագրեր: Կարող է և պետք է ունենանք սպասարկման պայմանագրեր:  Սրանք հարցեր են, որոնցից ոչ ռուսական կողմը, ոչ մենք չենք խուսափում, և պետք է չխուսափենք»,–ասաց Պապիկյանը:

Նա հիշեցրեց՝ Ֆինանսների նախարարը հայտնել է, որ Հայաստանի և Ռուսաստանի ֆինանսների նախարարությունների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն, որով մեր կողմից վճարված գումարը միջպետական պարտքից պետք է պակասեցվի:

 «Կդժվարանամ ասել՝ այն կյանքի կոչման որ հատվածում է, բայց նմանատիպ պայմանավորվածություն ձեռք է բերվել:  Պետք է ասեմ, որ սա միակ ընթացիկ պայմանագիրը չի եղել Հայաստանի և Ռուսաստանի միջև:  Բնական է՝ կան պարտավորություններ, որոնք ուշացումների բերումով կարող են ունենալ իրենց պայմանագրային հետևանքները՝ տույժ–տուգանքներ և այլն:  Սակայն նաև պայմանագրեր կան, որոնք  պատշաճ կատարվում են»,–ասաց Պապիկյանը՝ դրա մասին մանրամասներ չհայտնելով:

 Դեռ 2024–ի հունիսին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել էր, որ Ռուսաստանը շարունակում է չմատակարարել այն պայմանագրերը, որոնք կնքվել են 2021 կամ 2022 թվականներին: 

armenpress.am