Իրանցի պատգամավորներն ու փորձագետները կողմ են ռուսական գազը Հայաստանի տարածքով Իրան տեղափոխելուն
Իրանցի մի խումբ խորհրդարանականների և փորձագետների կարծիքով՝ ռուսական գազը նախընտրելի է Ադրբեջանիփ փոխարեն Վրաստանի և Հայաստանի տարածքով տեղափոխել Իրան։
Իսլամական խորհրդարանի նավթի, գազի և նավթաքիմիական արդյունաբերության վերահսկողության կոմիտեի ղեկավար Զեյնաբ Ղեյսարին ասել է. «Իրանի և Ռուսաստանի միջև գազի առևտուրը պետք է իրականացվի Հայաստանի տարածքով, քանի որ այս երթուղին Ադրբեջանի երթուղուց և՛ ավելի կարճ է, և՛ ունի ավելի բարձր հաղորդման հզորություն։ Նաև, ի տարբերություն Ադրբեջանի, Հայաստանը «Զանգեզուրի» կեղծ միջանցքի հարցում կիսում է Իրանի տեսակետը և ընդհանուր շահեր ունի մեր երկրի հետ»։
Նա հավելել է․ «Ռուսական ավելցուկային գազի ծավալն այնքան մեծ է, որ Իրանը պետք է այն տեղափոխի բոլոր ուղիներով, այդ թվում՝ Թուրքմենստանով, Ադրբեջանով, Հայաստանով։ Սակայն առաջարկում ենք, որ ադրբեջանական երթուղին շատ մեծ կշիռ չստանա և չդառնա բացառիկ Ռուսաստանից գազի ներկրման երթուղի»։
Պատգամավոր Մալեք Շարիաթին ասել է. «Էներգետիկ ոլորտում Իրանի և Ռուսաստանի միջև համապարփակ փոխըմբռնման արդյունքներից մեկը կլինի Ռուսաստանից գազի գնումը։ Ավելի վաղ ես ներկայացրել եմ այս կապակցությամբ մի քանի առաջարկ։ Չնայած Կասպից ծովի հատակով անկախ խողովակաշարի անցումը նախընտրելի է, սակայն եթե անհրաժեշտ է ցամաքային երթուղի, ապա Վրաստան-Հայաստան երթուղին ավելի կարճ է, ավելի տնտեսական և անվտանգ, քան ադրբեջանականը»:
Կովկասի հարցերով փորձագետ Էհսան Մովահեդյանն ասել է․ «Բաքուն ներկայումս փակել է անգամ Իրանի հետ զբոսաշրջային ճանապարհը. Նման իրավիճակում, ինչո՞ւ պետք է մեր էներգետիկ անվտանգությունը կապենք նրանց հետ: Դա ողջամիտ չի լինի»։
Մովահեդյանը հավելել է․ «Ե՛վ Վրաստանը, և՛ Հայաստանը պատրաստ են համագործակցել Իրանի հետ Ռուսաստանից գազի տարանցման հարցում։ Ոչ ոք մեզ գազային հաբ չի նվիրի։ Մենք պետք է ինքներս այն ստեղծենք»։
Կովկասի հարցերով փորձագետը նշել է․ «Ներկայումս Ադրբեջանը կախված է իրանական երթուղուց՝ Թուրքմենստանից գազի սվոպի և Նախիջևան գազի սվոպպի հարցում։ Մենք չպետք է շրջենք այդ կախվածության ուղղությունը մեր իսկ սխալներով և այդ երկրի տարածքով ռուսական գազի տարանցմամբ»։