ՌԴ և ՀՀ ԱԳ նախարարների համատեղ մամուլի ասուլիսը
Մոսկվան հետաքրքրված է նրանում, որ հայ-ռուսական հարաբերությունները չենթարկվեն արտատարածաշրջանային խաղացողների բացասական ազդեցությանը. այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ մամուլի ասուլիսում:
Նրա խոսքով՝ այդ ուժերը չեն ցանկանում, որ ՌԴ-ի և ՀՀ-ի միջև դաշնակցային հարաբերություններն ամրապնդվեն:
«Լիահույս ենք՝ տարիների ընթացքում կուտակած փոխշահավետ երկկողմ կապերի ամբողջ փաթեթը պահանջարկ կունենա ռազմաքաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական ոլորտներում»,- նշել է նա։
Մոսկվան արդիական է համարում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի եռակողմ պայմանավորվածությունները։ Հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ :
«Մենք պատրաստ ենք անհրաժեշտ օգնություն ցուցաբերել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը բոլոր ուղղություններով` ի զարգացումն այն եռակողմ համաձայնությունների, որոնք ձեռք են բերվել 2020 և 2022 թվականներին երեք երկրների ղեկավարների կողմից», - ասել է Լավրովը։
Նրա խոսքով` այդ պայմանավորվածությունները դեռևս արդիական են, հատկապես տարածաշրջանում առկա իրավիճակի ֆոնին:
Մոսկվայի և Երևանի միջև շփման դադարը հաղթահարված է։ Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։
Նա նշել է, որ մի շարք հարցերում կողմերին հաջողվել է հասնել փոխընդունելի լուծումների։ Լավրովն ընդգծել է, որ ամենաբարձր մակարդակով կանոնավոր երկխոսություն է պահպանվում՝ հիշեցնելով երկու երկրների ղեկավարների նախորդ տարվա հանդիպումներն ու Փաշինյան-Պուտին վերջին հեռախոսազրույցը։
Սերգեյ Լավրովը հույս ունի, որ արտգործնախարարությունների ղեկավարների մակարդակով այսօրվա բանակցությունները կօգնեն լուծել խնդիրները, որոնք ծագել են վերջին շրջանում և լրատվամիջոցներում երբեմն ոչ այնքան համարժեք արձագանք ստացել։
«Մենք, ինչպես արդեն ասացի, բաց քննարկել ենք մեր հարաբերությունների գրեթե ողջ սպեկտրը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցեր»,–նշել է ․ ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը։
Նրա խոսքով` ռուսական կողմը հավատարիմ է Երևանի հետ պայմանավորվածությունների ողջ շրջանակին, այդ թվում՝ ռազմաքաղաքական ոլորտում։
Ռուսաստանի հետ առևտրատնտեսական համագործակցությունը, այդ թվում ԵԱՏՄ շրջանակներում, Հայաստանի համար տնտեսական աճի և արտաքին առևտրային ներուժի իրացման վրա ազդող գործոններից է։ Այս մասին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
«Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են պահպանել քաղաքական երկխոսությունը բոլոր մակարդակներում, այդ թվում՝ արտգործնախարարությունների միջոցով, ինչպես նաև փոխշահավետ համագործակցությունը ոլորտային տարբեր ուղղություններով»,- ասել է Միրզոյանը։
Տնտեսական հարաբերությունների զարգացման համատեքստում նա կարևորել է Հայաստանի նախագահության շրջանում ԵԱՏՄ-ում Իրանին դիտորդի կարգավիճակ տալը:
«Այսօրվա հանդիպումը կայացավ անկեղծ և կառուցողական մթնոլորտում, քննարկվող հարցերի շրջանակը բավականին ընդգրկուն էր և բազմակողմանի։ Մենք քննարկեցինք երկկողմ համագործակցության հարցեր և անդրադարձանք Հարավային Կովկասում խաղաղության թեմային», - ասել է Միրզոյանը։
Նա նշել է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մեդիադաշտում ստեղծված իրավիճակը և առավել բարենպաստ տեղեկատվական մթնոլորտի ձևավորման ուղիները: