Լավրովն ու Միրզոյանը անկեղծ քննարկում են ունեցել
Մոսկվան միշտ գնահատել և շարունակում է գնահատել եղբայրական կապերը Հայաստանի և հայ ժողովրդի, մեր ռազմավարական գործընկերոջ և դաշնակցի հետ։ Այս մասին հայտարարել է ՝ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Մոսկվայում հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ հանդիպման ժամանակ։
«Մենք շահագրգռված ենք, որ բարեկամության ու բարիդրացիության դարավոր ավանդույթներն ամրապնդվեն ու զարգանան»,- ասել է նա։
Լավրովը նշել է, որ Մոսկվայի և Երևանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները վերելք են ապրում։ Առևտրաշրջանառությունը հասել է ռեկորդային մակարդակի՝ նախորդ տարի կազմելով գրեթե 12 մլրդ դոլար։ Լավրովը նաև նշել է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին երկու անգամ այցելել է Մոսկվա։
Նա ընդգծել է, որ 2025 թվականի մայիսին պատրաստվում են համատեղ տոնել Հայրենական մեծ պատերազմում հաղթելու 80-ամյակը։
Հայաստանը շահագրգռված է Ռուսաստանի հետ արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում։ Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
Նա ընդգծել է` այս հանդիպումը լավ հնարավորություն է երկկողմ համագործակցության հարցերը քննարկելու և տարածաշրջանային ու միջազգային օրակարգերի շուրջ մտքերի հանգամանալից փոխանակման համար։
«Հայաստանը շահագրգռված է արդյունավետ քաղաքական երկխոսությունը շարունակելու հարցում` ուղղված երկկողմ հարաբերություններին և ընդհանրապես տարածաշրջանային իրավիճակին վերաբերող հարցերի քննարկմանը։ Հայաստանը միշտ հավատարիմ է եղել բաց և կառուցողական երկխոսության սկզբունքներին, մենք հուսով ենք, որ Ռուսաստանը հետագայում ևս հաշվի կառնի տեղի ունեցողի բոլոր ասպեկտները` խուսափելով միակողմանի մեկնաբանություններից։ Ցավոք, մենք դրանք տեսել ենք վերջին ժամանակներում»,– նշեց նա։
Միրզոյանը հույս է հայտնել, որ այս հանդիպումը կնպաստի փոխըմբռնմանը։
Հայաստանը պատրաստ է ապաշրջափակել Հարավային Կովկասի բոլոր հաղորդակցությունները «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում։ Հանդիպմանն ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարը։
«Ուրախ եմ հաստատել Հայաստանի տեսլականը՝ ապաշրջափակելու բոլոր տնտեսական եւ տրանսպորտային հաղորդակցությունները, որոնց իրականացումը նախատեսված է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում»,- նշել է ՀՀ ԱԳՆ։
Կրեմլը հայտնել է, որ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները հանդիպման ընթացքում կարծիքներ են փոխանակել ռուս-հայկական հարաբերությունների ամբողջ համալիրի, եվրասիական տարածքում ԵԱՏՄ և այլ ինտեգրացիոն միավորումների շրջանակներում համագործակցության, համաշխարհային օրակարգի արդիական հարցերի շուրջ, ուշադրության կենտրոնում է եղել Հարավային Կովկասի իրավիճակը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների հավասարակշռված կարգավորման հասնելու նպատակով։