Եթե Իրանի գործոնը չլիներ, իրենք վաղուց կիրականացնեին «Զանգեզուրի միջանցքը». Փույա Հոսեյնի
Իրանի ԱԳ նախարարը վերջերս այցելեց Հայաստան և Հայաստանում վերահաստատեց Իրանի կարմիր գծերը, նաև հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հնարավորինս շուտ խաղաղություն պայմանագիրը ստորագրեն, որպեսզի տարածաշրջանում անվտանգություն հաստատվի և Իրանը տարածաշրջանի առումով հանգիստ լինի, որովհետև սպառնալիքները, որ կան Իրանի դեմ, այդ թվում ԱՄՆ-ի եւ Իսրայելի կողմից, Իրանին մտահոգում են:
Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց իրանցի փորձագետ Փույա Հոսեյնին:
Նրա խոսքով, Իրանի նախագահի այցը Ադրբեջան ուղղված է նրան, որ կարողանա դիվանագիտական ճանապարհով իր ազդեցությունը պահպանի Ազարբեջանի վրա.
«Մենք գիտենք, որ շուտով Իսրայելի վարչապետ Նեթանյահուն է այցելելու Ադրբեջան, եւ Իրանի նախագահը իր այցով փորձում է իր ազդեցությունը պահպանել Ազարբեջանի վրա, որպեսզի Իրանի թշնամիները չկարողանան իրենց ազդեցությունը պահպանել Ադրբեջանի վրա և վտանգ սպառնան Իրանին: Իրանը դիվանագիտական ճանապարհով փորձում է չեզոքացնել այն վտանգները, որ կարող է Անդրկովկասից գալ և ուղիղ Ադրբեջանի միջոցով լինի Իրանի դեմ:
Իրանի նախագահը մինչև մեկնելը հարցազրույց է տվել ադրբեջանական լրատվամիջոցներին և նշել է, որ Իրանը պատրաստ է իր տարածքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, որ վերջինս կապ հաստատի Նախիջեւանի հետ: Նա ասել է, որ հարևան երկիրը պետք է բավարարվի իր տարածքային ամբողջականության շրջանակներում եւ աչք չունենա ուրիշի տարածքների վրա: Սա ուղիղ ուղերձ էր հենց «Զանգեզուրի միջանցքի» մասով եւ ուղերձ էր Ադրբեջանին, որ մենք փորձում ենք ամեն ձևով դիվանագիտկան ճանապարհով չեզոքացնել իրենց նկրտումները Հայաստանի նկատմամբ»,-ասաց Հոսեյնին:
Հարցին, Իրանի այս դիվանագիտական ջանքերը բավարար կլինե՞ն Ադրբեջանին զսպելու համար, իրանագետը պատասխանեց. «Ամեն դեպքում մինչև հիմա ինչ-որ կարող ենք արձանագրենք, որ Իրանի դիվանագիտական ջանքերը և նաև զորավարժությունները մեսիջ են եղել Ադրբեջանին և զսպվել են նրան: Էրդողանը հարցազրույցներից մեկում նշել է, որ եթե մինչև հիմա «Զանգեզուրի միջանցքը» չի իրականացվել, դա Իրանի գործոնի, Իրանի դիմադրության շնորհիվ է:
Եթե դա չլիներ, իրենք վաղուց կիրականացնեին «Զանգեզուրի միջանցքը»: Սա ցույց է տալիս, որ Իրանին մինչև հիմա հաջողվել է այդ նկրտումները չեզոքացնել:
Բայց եթե Իրանի վրա Իսրայելի կամ ԱՄՆ-ի կողմից սպառնալիքներ լինեն և Իրանը գտնվի թույլ իրավիճակում, Իրանը մտահոգված է, որ Ադրբեջանը կարող է այդ առիթն օգտագործել և փորձի իրականացնի իր նկրտումները: Դրա համար է, որ Իրանը նախապես փորձում է աջակցել <<խաղաղության պայմանագրի>> ստորագրմանը»,- ընդգծեց նա: